«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն ու խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ ու հույս, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:
Սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենափառավոր օրերից է՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի խորհրդանիշը:
29 տարի առաջ այս պատմական օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի նոր սկիզբ: Հայ ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության շնորհիվ մենք վերահաստատեցինք ազատ ապրելու մեր կամքն ու վճռականությունը՝ Անկախությունն ընտրելով որպես մեր երկրի գոյության միակ և անբեկանելի կարգավիճակ:
Անկախությունը գերագույն արժեք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամենամեծ ձեռքբերումը, և այսօր էլ վերստին առիթ է հիշելու, որ մենք բոլորս պետք է հպարտանանք ու արժևորենք անկախության ամեն օրը, պայքարենք մեր երիտասարդ պետությունը զարգացնելու ու բոլորիս երազանքների պետությունը դարձնելու համար։ Թե´այսօր, թե´ վաղը մեզանից յուրաքանչյուրը պետք է մասնակից լինի ժողովրդավարության ամրապնդման, պետականաշինության բարդ ու պատասխանատու գործին, և միայն այս գիտակցումով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները և վստահորեն առաջ շարժվել դեպի ինքնիշխան, ժողովրդավար և երջանիկ Հայաստան:
Շնորհավո՛ր տոնդ Հայաստանի Հանրապետություն,
Շնորհավո՛ր տոնդ ՀՀ քաղաքացի», – ասված է ուղերձում:
https://www.facebook.com/freedemocrats/posts/3378211598938678