Քաղաքականություն
22:23 05/03/2020

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախկին նախագահի հետ

Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:

Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) / EPP – European People’s Party նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին:

Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում այսօր տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ ևս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ