Սերժ Սարգսյանը նրա փեսան` Միքայել Մինասյանը, վերջին շրջանում ակնհայտորեն լարված են

Հրապարակող՝

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում. մետրոպոլիտենի պարզաբանումը

Սերժ Սարգսյանն ու նրա փեսան, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին շրջանում ակնհայտորեն լարված են: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը կարծում է՝ դա պայմանավորված է վտանգի մոտենալով:

Նրա հետ զրույցը ստորև.

– Պարոն Հակոբյան, այսօր բռնության է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը սկսվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի կողմից սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո: Եվ Սիմոնյանը և Դանիելյանը վնասվածքներ ունեն: Ունե՞ք տեղեկություն կամ կանխատեսո՞ւմ եք՝ ինչով կարող է պայմանավորված լինել այս հարձակումը:

– Շատ տեղեկություններ դեռ չունեմ, խոսել եմ պարոն Սիմոնյանի հետ, հասցրել եմ հարցնել միայն նրա առողջական վիճակի մասին: Ասաց, որ գլխի հատվածում ցավ ունի, բայց ամեն ինչ լավ է: Թե ինչով է պայմանավորված հարձակումը՝ այս պահին չեմ կարող ասել: Համենայնդեպս փողոցում մոտենալ երկրի բարձրաստիճան պաշտոնյային, սեռական բնույթի հայհոյանք տալ, հետո հարվածելը պետք է համարժեք գնահատական ստանա իրավապահ մարմիններից կողմից: Այդ խմբավորումը, այդ հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի ու կենթարկվի:

– Նախօրեից Ազգային ժողովում իրավիճակը լարված էր, այդ լարվածության կիզակետում նաև Ալեն Սիմոնյանն էր: Երեկ նա իր ելույթում ասաց, որ Լուսավոր Հայաստանի հետ այդ հայտնի լեզվակռիվը կապված է այն բանի հետ, որ նա տվել է Միքայել Մինասյանի անունը: Ինչքանո՞վ այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի, այդ մասով իրավապահ մարմինների իրականացրած քայլերի հետ:

– Իմ խորին համոզմամբ դա կապ ունի թե՛ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի, թե Միշիկի քրգործի հետ, որովհետև ակնհայտորեն այս բոլոր գործողությունները ուղղորդվում են ինչ-որ մի թաքստոցից: Այդ թաքստոցը դեռ իրավապահները կպարզեն՝ որտեղ է, և թաքնված անձին կներկայացնեն դատարան:

– Այսօր նույն Արթուր Դանիելյանը լուր տարածեց, թե իբր Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ. նա ակնարկում էր, թե դուք էիք այդ սիգարետի մատակարարողը: Ձեր հերքման տեքստում ակնարկել էիք, որ Միքայել Մինասյան է կանգնած այդ լուրերի տարածողների հետևում, ինչո՞ւ:

– Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ այդ ամենը ուղղորդվում է կրկին թաքստոցում եղած անձի կողմից: Ինչու հիմա, որովհետև ես երեկ հարցազրույց էի տվել և խոսել էի նրա ֆեյսբուքյան գրառումների մասին: Կարծես թե բավական ցավոտ էր եղել նրա համար այդ հարցազրույցը: Ֆեյսբուքյան գրառումներում նա թաքստոցից համախմբման կոչ է անում տարբեր ուժերի՝ հանուն Հայաստանի բարեկեցության և ապագայի: Ես էլ իմ հարցազրույցում ասել էի, որ եթե այդքան մտահոգ է Հայաստանի ապագայով, թող գա Հայաստան, իր բաժին պատասխանատվությունը կրի՝ եթե մեղավոր ճանաչվի դատարանում, որից հետո համախմբի այդ ուժերին, Հայաստանը դուրս բերի այս իրավիճակից, որ ինչպես ինքն է ասում՝ գնում է դեպի կործանում, հողերը փուլ-փուլ ուզում են հանձնել և այլն: Եթե վստահ է, որ իրենք չեն գողացել, չեն թալանել, որ իրենք արդար ու ազնիվ են՝ թող գա, կանգնի դատարանի առջև և ապացուցի իր արդարությունը և այդ դեպքում ոչ էլ կազատազրկվի: Ահա այս բովանդակությունը ուներ իմ հարցազրույցը, որից հետո, ինչպես տեսանք՝ արձագանքը չուշացավ. նրա էժան թափթփուկների կողմից արժանացա այդ սուտ լուրի տարածմանը, որը, նորից եմ կրկնում, որևէ աղերս չունի իրականության հետ:

– Արթուր Դանիելյա՞նն է այդ լուրի սկզբնաղբյուրը:

– Ժամականագրությունը որ նայում եմ՝ երևի նրա մյուս թիմակիցը՝ Նարեկ Սամսոնյանը: Չնայած՝ մեծ տարբերություն չկա:

– Ձեր վերաբերյալ տարածված տեղեկությունների մասով դատարան դիմել պատրաստվո՞ւմ եք:

– Արդեն խոսել եմ իմ իրավաբան գործընկերների հետ, իրենք ուսումնասիրում են և չեմ բացառում, որ կդիմեմ դատարան:

– Կարծում եք, որ այդ անձանց ետևում կանգնած է Միքայել Մինասյա՞նը:

– Այո, այո:

– Պարոն Հակոբյան, երբ որ այս բոլորը վերագրվում է Միքայել Մինասյանին՝ մի տեսակ անորսալիության տպավորություն է ստեղծվում: Քրեական գործը կա, որով Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել փողերի ապօրինի լվացման և այլ հանցանքների մեջ, հետախուզման մեջ է, թատոցից ենթադրաբար հարձակումներ է կազմակերպում, ֆեյսբուքյան գրառումներ պատվիրում, ինչպես դուք ակնարկեցիք: Այդքան դժվա՞ր է նրան հայտնաբերելը: Ի՞նչ է, ի վերջո, լինելու:

– Անկեղծ ասած հերթականությունը չեմ կարող ասել՝ երբ, ինչ գործողություններ տեղի կունենան, բայց այն, որ վերջում նույն ինքը՝ Միշիկը կանգնելու է արդարադատության առաջ, դա վստահեցնում եմ: Եվ բացի այն, որ բանակից թալանածը, ժողովրդից, թոշակառուներից թալանածը, վերադարձվելու է պետությանը և բանակին ու թոշակառուին, նաև պետք է կրեն իրենց կատարած հանցագործությունների համար իրենց բաժին պատասխանատվությունը:

– Հավանաբար հետևում եք UCOM ընկերության շուրջ զարգացումներին: Երեկ Գագիկ Խաչատրյանի որդին հայտարարեց, որ պետական մակարդակով իրենց ճնշում են: Դրան արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակը՝ տեղեկացնելով, որ Խաչատրյանն ու նրա որդիները տարիներ շարունակ ղեկավարել են մաֆիոզ համակարգ, կուտակել մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն, որում, ինչպես և բազմաթիվ այլ ընկերություններում Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի: Թերևս առաջին անգամ փեսայի վերաբերյալ հրապարակումները մեկնաբանեց նաև Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց այս ակտիվացումը:

– Ձեր նշած տեղեկություններին հետևում եմ զուտ մամուլի հրապարակումների մակարդակով, չեմ կարող ավելին ասել: Ինչ վերաբերում է Սարգսյանի ու նրա փեսայի ակտիվացմանը՝ իմ խորին համոզմամբ դա պայմանավորված է նրանով, որ ուղղակի վտանգն արդեն մոտեցել է: «Կարգին հաղորդման» մեջ մի էսպիսի միտք կա՝ ասում է՝ մանրից մոտենում են մեր տներին: Մանրից մոտեցել են իրենց տներին, դրա համար էլ իրենք ընկել են այս ցայտնոտի մեջ: Իրար հերթ չտալով գրառումներ են անում ֆեյսբուքում, սրտաճմլիկ, մոդելային լուսանկարների ներքո: Բայց նորից եմ կրկնում՝ դա հոգեվարքի մեջ գտնվողի վարքագիծ է:

– Ինչքան էլ որ իրավապահները մոտենում են, վարչապետը շարունակում է դժգոհ մնալ քրգործերի ընթացքից: Ի՞նչ կհետևի այդ դժգոհությանը: Իրավապահ համակարգում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

– Միանշանակ, եթե դժհոգությունները շարունակվեն՝ իմ կարծիքով չի բացառվում, որ կադրային փոփոխություններ լինեն:

Հարցազրույցը` Հայկական ժամանակի:

Ամենաթարմ