fbpx
Մշակույթ

Սերխիո Տիեմպոն ՀՀ-ում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մալերի թիվ 1 սիմֆոնիան, որում մարմնավորված են կոմպոզիտորի երիտասարդ, երբեմն միամիտ խանդավառությունը, բնության հանդեպ հիացական խոնարհումն ու առաջին հիասթափությունները, հերոսի համառ պայքարն ու վստահությունն իր հաղթանակի հանդեպ:

Համերգի մենակատար, վենեսուելացի վիրտուոզ դաշնակահար Սերխիո Տիեմպոյի պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է Ամստերդամի «Concertgebouw» սրահում տասնչորս տարեկան հասակում: Դրանից հետո նա անմիջապես միջազգային համբավ է ձեռք բերել: Տիեմպոն հայտնի է իր անսանձ էներգիայով և երկացանկի բազմազանությամբ:

Սերխիո Տիեմպոն կատարել է մի շարք ձայնագրություններ, որոնք առանձնանում են մեկնաբանության ինքնատիպությամբ և բարձր են գնահատվել մասնագետների կողմից. «EMI Classics»-ի հետ ձայնագրել է Մուսորգսկու ‹‹Նկարներ ցուցահանդեսից››-ը, Ռավելի ‹‹Գիշերային Գասպար››-ը, «Martha Argerich Presents»-ի համար՝ Շոպենի երեք նոկտյուրները, իսկ «Deutsche Grammophon»-ի համար նա ձայնագրել է մի քանի ձայնասկավառակ Միշա Մայսկու հետ, այդ թվում՝ Ռախմանինովի ստեղծագործությունները. այդ աշխատանքը արժանացել է «Classic FM»-ի և «BBC Music Magazine»-ի հինգ աստղերի:

Տիեմպոն աշխատել է հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են «Ռադիո Ֆրանսը», Բրյուսելի ֆիլհարմոնիկը, Սինգապուրի սիմֆոնիկը, «BBC սիմֆոնիկ»-ը, և աշխարհահռչակ դիրիժորներ Կլաուդիո Աբբադոյի, Մյունգ-Վուն Չունգի, Թիերի Ֆիշերի, Լյուդովիկ Մորլոյի և այլոց հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ