ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաև Հայ առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, շրջայց կատարել հայկական կրթօջախում և հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Մոսկվա այցի օրակարգը, իշխանությունների դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համատեքստում ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը: ԱԺ պատվիրակության անդամները և համայնքի ներկայացուցիչները բաց և անկեղծ քննարկում են ծավալել Հայաստանին և Սփյուռքին վերաբերող հասարակական, կրթական, մշակութային մի շարք կարևոր հարցերի շուրջ: