Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը ներկա է նիստին։ ԱԺ նախկին պատգամավորը նորից դատարան է բերվել անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:
Նշենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։