Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ըստ Ոստիկանության տվյալների՝ նա Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով տարբեր բարերարներից գումար է հավաքել, ապա ձեռք է բերել «Նիվա» ավտոմեքենաներ: Դրանք տնօրինել է իր հայեցողությամբ: Մեքենաներից մեկն էլ հայտնաբերվել է Արմեն Սարգսյանի առանձնատան ավտոտնակում:
Այս ամենի առիթով շատերը նաև հիշատակեցին նախկին թաղապետի շքեղ առանձատունը: Ընդգծեցին, որ ժամանակին ունեցել է շքեղ աշխատասենյակ՝ թանկարժեք կահույքով, հանգստի սենյակ ու լոգասենյակ:
Այն, թե ինչ պայմաններում է աշխատել Շենգավիթի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը և ինչ ժառանգություն թողել վարչական շրջանի այժմյան ղեկավարին ու մնացյալ աշխատակիցներին, փորձեցինք պարզել մեր այցի ժամանակ:
Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում, ի դեպ, աշխատանքային եռուզեռ էր. մինչ քաղաքացիների ընդունելության ժամը, արդեն շրջանի ղեկավարի դռան առաջ տարաբնույթ հարցերով հավաքվել և իրենց հերթին էին սպասում բնակիչները:
Մեզ հետ զրուցած աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանը կեղծ է համարում իրենց թաղապետարանի մասին լուրերը, թե այնտեղ շատ ճոխ պայմաններում են աշխատում: Պայմաններն, ըստ նրա, լավն են, փորձել են աշխատողների համար հարմարավետ դարձնել, սակայն դրանք շքեղ չես անվանի:
«Աթոռները հին են, համակարգիչները՝ սովորական, հեռախոսները՝ նույնպես»,- նշեց Շահինյանը՝ ավելացնելով, որ դրական կողմերից է այն, որ գեղեցիկ դահլիճ ունեն և վերելակ, թաղապետարաններից շատերում դրանք չկան:
Շահինյանի խոսքով՝ ինքը նման ճոխություններ չի տեսել, չի լսել, վերանորոգումն էլ մի քանի տարի առաջ են արել՝ նախկին թաղապետ Արմեն Սարգսյանի ժամանակ: Իր աշխատասենյակում առաջվա ղեկավարներից մնացած աթոռն է, այն նույն սենյակի մյուս աթոռներից տարբերվում է իր չափերով ու հարմարավետությամբ:
Իսկ արդեն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր աշխատասենյակում նախկինի համեմատ շատ բաներ փոխվել են: Շքեղություն ապահովող գույքի մի մասը տեղափոխվել է դեռ իր նշանակվելուց առաջ: Աթոռները նախկինում ավելի ճոխ էին: Հիմա դրանք փոխարինվել են ավելի հասարակով, միայն մեկ աթոռ է մնացել՝ վարչական շրջանի ղեկավարինը: Պատերն էլ ժամանակին թանկարժեք նկարներ են զարդարել, որոնք ևս այժմ կախված չեն. միայն որպես հուշ՝ մեխերն են մնացել:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում նախկին թաղապետից մնացած մյուս ճոխությունը ջահերն են, որոնց հատուկ են գունավոր լույսերը և երաժշտություն ապահովելու հնարավորությունը: Սակայն դրանք նույնպես կորցրել են առաջվա շքեղությունը: Վարչական շրջանի գործող ղեկավարությունը հրաժարվել է «ջահերին երգացնելու» պրակտիկայից: «Ժամանակին գունավոր լույսերը միացնելու դեպքում՝ երաժշտություն էր հնչում, բայց այժմ այդ ֆունկցիան անջատել ենք, ինչների՞ս է պետք: Եթե ուրիշ կարևոր գործառույթ չունի, երաժշտությունը պետք չէ»,- նշեց Ռազմիկ Մկրտչյանը:
Նրա աշխատասենյակի պահարաններից մեկը նաև դուռ է, որը բացվում է դեպի հանգստի սենյակ: Թաղապետի համար նախատեսված այս փոքրիկ անկյունում բազմոց և հեռուստացույց կա: Ռազմիկ Մկրտչյանը նշեց, որ բազմոցը նոր՝ իր ժամանակ են բերել, նախորդն ավելի շքեղ է եղել:
Փոքր լոգասենյակում լվացարան և լոգախցիկ կա: Երիտասարդ ղեկավարը թույլ չտվեց լուսանկարել այդ հատվածն ու նաև հանգստի սենյակը: Իր խոսքով՝ անձնական տարածք են, կարիք չկա հանրայնացնելու:
Նախկին թաղապետից մնացած աշխատասենյակն ու կահավորանքը, ճիշտ է, հասարակ չեն, շատ բաներ վարչական շրջանի ներկայիս ղեկավարին էլ դուր չեն գալիս, բայց իր խոսքով՝ ի՞նչ կարող է անել: «Ճիշտ չի լինի հիմա էլ աշխատասենյակը քանդելու, ավելի հասարակ դարձնելու համար գումար ծախսել»,- նշեց Ռազմիկ Մկրտչյանը:
Արձագանքելով այն կարծիքներին, որ նախկին թաղապետի ժամանակ լոգասենյակում ջրամերսման լոգնոց (ջակուզի) է եղել, թաղապետը ժպտաց: Նկատեց, որ լոգասենյակը հասարակ չէ, սակայն այդքան չափազանցնելն էլ ճիշտ չէ, մարդիկ շատ են ճոխացնում: Իր բառերով՝ «հայավարի են ասում»:
Աշխատակազմի քարտուղարն էլ իր հերթին նշեց. «Ջուր կա՞, որ ջակուզի լինի, ամբողջ 120 հոգանոց աշխատակազմի համար 2 զուգարան են նախատեսել»,- ասաց Կարապետ Շահինյանը: Աշխատակիցներն էլ կատակում են՝ նպատակային քիչ զուգարաններ են տեղադրել, որպեսզի քայլեն, համակարգչի առաջ շատ չնստեն:
Այցի ընթացքում շրջեցինք թաղապետարանի բոլոր բաժիններում: Աշխատակիցների խոսքով՝ սենյակները հասարակ են, սակայն հարմարավետության համար բոլոր պայմանները ստեղծվել են, իրենք դժգոհ չեն:
Աղբյուրը՝ Armtimes.com