Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը:
Տեղափոխության որոշում հիմա է կայացվել, երբ ուշադրության կենտրոնում են ունեցած ռեսուրսների արդյունավետ կառավարումը, պետական կառավարման ապարատում խնայողությունների անհրաժեշտությունը: Առանձին շենքում վարչության ծախսերը հավելյալ էին: Իսկ Կրթության վարչության տեղափոխությունը հնարավոր է դարձել մարզպետարանում կատարված կրճատումների արդյունքում:
«Կրճատվեցին 2 փոխմարզպետները, մարզպետի օգնական ու խորհրդական կրճատվեց: Նրանց սենյակներն ազատվեցին: Հատկապես մեծ սենյակներ էին փոխմարզպետների սենյակները: Եվ հնարավոր դարձավ Կրթության վարչության տեղափոխումը»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Կրթության վարչությանը հատկացվել են նախկին փոխմարզպետի ու խորհրդականի սենյակները: Այս հաստիքների կրճատումը մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններից առաջինն էր, բայց ոչ միակը: Մարզպետարանում կրճատումները սկսվել են կենսաթոշակային տարիքի աշխատողներից:
«Քաղաքաշինության վարչությունում աշխատանքից ազատվեց վարչության պետի տեղակալը՝ Լեոնիդ Դավթյանը, քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Էդիկ Սիմոնյանը: Նրանք անցան թոշակի, և հիմա նրանց հաստիքները թափուր են»,- ասել է Ալբերտ Մարգարյանը:
Կառուցվածքային փոփոխությունները դեռ քննարկման փուլում են: Քննարման ենթակա է նաև Կրթության վարչության արդեն նախկին շենքի տնօրինման հարցը: «Կումայրի» արգելոցի շենքը պետական սեփականություն է, ըստ այդմ էլ հետագա տնօրինումը միայն կառավարության որոշմամբ է լինելու: Առաջարկություններ ընդունում է նաև մարզպետարանը: Այս դեպքում այն միջնորդ կառույցի դեր կարող է կատարել: Իսկ առաջարկությունների շրջանակը սահմանափակ չէ. պետական այլ գերատեսչություններից մինչև մասնավոր կարող են շենքն օգտագործելու տարբերակներ ներկայացնել: Իսկ հետաքրքրվողներ շատ կլինեն: Քաղաքաշինության վարչության պետը դրա երաշխիքն է համարում շենքի տեղանքն ու դիրքը:
Աղբյուրը՝ shantnews.am