fbpx
Էկո

Պետությունը ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ ՇՄ նախարար

Առավոտյան աշխատանքային օրը սկսեցի Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության հաստատած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը», գրել է ՇՄ նախարարը:

Ռ․Պետրոսյանը գրել է, որ իր այցը մեկնարկել է ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ ծանոթացել է հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

«Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան:

Տնտեսությունում առկա են մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով, տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ», գրել է Ռ․Պետրոսյանը։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում ՇՄ նախարարը ծանոթացել է արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։

«Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ․ ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Որպես այցի եզրափակում ներկա գտնվեցի մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։

Շեշտեմ, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս», գրել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/922543364923147

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ