Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
Այս մասին Հարությունյանը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
Արցախի նախագահը նշել է, որ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Աղասյանի վաշտին էր վստահված: «Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորս համոզվել ենք Ապրիլյան քառօրյայի ժամանակ», – գրել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Աղասյանների ընտանիքն ապրում է Արցախի Մարտունի քաղաքում։ Նրանց ընտանիքը Արթուրից բացի այս պատերազմում կորցրել է նաև մյուս որդուն՝ Արսենին։
«Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…», – ավարտել է գրառումը Արցախի նախագահը։