fbpx
Արցախ

Մեկնարկել է Շուշիի դեօկուպացիա ՀԿ-ի գործունեությունը

Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը։

«Տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ մենք նաև աջակցելու ենք բնակիչներին ստեղծված իրավիճակի հաղթահարման ընթացքում: Մեր ուժերի ներածին չափով իրականացնելու ենք նաև զարգացման ծրագրեր։ Կազմակերպության գործունեությունը նախատեսում ենք իրականացնել մի քանի կենտրոնի միջոցով, որոնցից մեկը իրավական կենտրոնն է։ Այնտեղ փորձելու ենք անդրադառնալ իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավական հիմնախնդիրների լուծման աջակցությանը։ Մեր ուղղություններից մեկը լինելու է մշտական մոնիթորինգի իրականացումը, փորձելու ենք նպաստել համալիր տեղեկությունների ձևավորմանը»,- նշեց Հայրապետյանը։

Խոսելով ակնկալիքների մասին՝ ՀԿ-ի համահիմնադիրն ասաց, որ ցանկությունը բոլորի մոտ նույնն է՝ վերադառնալ Շուշի, տեսնել այն եռագույնի ներքո։ Նա հույս հայտնեց, որ շուտով այդ ամենն իրականություն կդառնա։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու իրավագիտակցության սերմանումը, մեդիագրագիտությունը, հայրենաճանաչողությունը, ինչպես նաև հայրենիք-սփյուռք համագործակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ