Թշնամու արկը չշրջանցեց նաև հայոց բերդաքաղաք Շուշին: Առաջին հարվածն եղավ հենց մշակույթի և երիտասարդության կենտրոնի վրա, որտեղ գործում էր նաև Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոնը: Մշակույթի կենտրոնը մեկ ակնթարթում ավերակների վերածվեց…
Անվախ արցախցու համար անհնարին ոչինչ չկա: 90-ականների արցախյան գոյամարտում «Հարսանիք լեռներում» օպերացիան, Շուշիի ազատագրության համար էր։ Հաղթանակից հետո քաղաքը վերականգնեցին ու շարունակեցին զարգացնել, հիմա էլ արցախցին պատրաստ է նույնն անել: Շուշիի միակ տիկնիկային թատրոնը Գյումրիում փոքրիկ արցախցի հանդիսատեսի համար ներկայացում է խաղում:
18 տարեկան է Դիանան, դերասանուհի չէ, բայց ասում է, երբ պետք է դերասանուհի էլ կդառնա, զինվոր էլ կդառնա՝ սահմանը պահող: Արցախում հարազատներն են հայրենիքի համար կռիվ տալիս, ընկճվել չկա, իսկ այդ ուժը ինչպես նա է ասում՝ ռազմաճակատից սիրելին ու հարազատներն են փոխանցում:
Ներկայացումը ռազմաճակատ մեկնած մյուս դերասանները հետո կտեսնեն, կարևորը հաղթանակած ու առողջ վերադառնան: Փոքրիկ արցախցիների համար հայտնի 3 խոզուկների հեքիաթն են պատրաստել: Առանց իրական բեմի ու դեկորների թատրոնը պայմաններ է հնարել, պատերազմը փոքրիկների ուրախությանը չպետք է խանգարի։
Մտացածին բեմն այսպիսին է՝ շիրմայով, որը պահում են ոչ թե հենակները, այլ կանայք։ 45 րոպե դիմանալ է պետք, միայն թե փոքրիկները ժպտան։ Իսկ նրանց օգնելու պատրաստակամությունը մեզ ևս մղեց հնարամտության։ Մեր տեսախցիկի եռոտանին փոխարինեց կանանց ձեռքերին։
Արցախում խաղաղության հաստատումը չի ուշանա։ Պայքարող արցախցու համար հաղթանակների լեզուն նաև մշակույթն է: Շուշիի տիկնիկային թատրոնի տնօրենը վստահաբար ասում է՝ հաջորդ ներկայացումը կխաղան հենց Շուշիում։