ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Շուշիում կազմակերպվել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երկրորդ փուլը, որը նվիրված էր անասնաբուծությանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նա իր խոսքում ասել է. «Ես չափազանց կարևոր եմ համարում նման կոնֆերանսների կազմակերպումը, որի ընթացքում մեր բանախոսները նոր գիտելիքներ են հաղորդում անասնաբուծության ոլորտի մասնագետներին, ինչպես նաև կիսվում իրենց ձեռք բերած փորձով»:
Խոսելով անասնաբուծության ոլորտի խնդիրների մասին՝ Ժ. Միրզոյանն ավելացրել է, որ իրենք պայքարում են կենդանիների պահվածքի և խնամքի կանոնների պահպանման, ինչպես նաև մի շարք հիվանդությունների կանխարգելման համար: Իրականացված աշխատանքները դեռևս ցանկալի արդյունք չեն տվել:
«Կարծում եմ՝ գիտագործնական կոնֆերանսը լավագույն միջոցն է, որպեսզի մեկ անգամ ևս կարևորենք նման աշխատանքները, վերահաստատենք այն կարծիքը, որ վճռական ենք լինելու այդ արատավոր երևույթների դեմ պայքարելու գործում»,-նշել է նախարարը:
Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի խոսքով՝ կոնֆերանսի թեմաներն ընդգրկում են գիտական, գործնական և կազմակերպչական ոլորտներ:
«Նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը պետք է պարբերական բնույթ կրեն: Գիտաժողովին քննարկվել են արդիական հարցեր և տրվել դրանց լուծման ուղիները: Համոզված եմ, որ այս գիտագործնական կոնֆերանսը կտա իր դրական արդյունքները»,-նշել է Տ. Առստամյանը:
Կոնֆերանսին կերարտադրության արդիականացման ուղիները, հաշվեկշռված կերակրումը և գյուղատնտեսական կենդանիների բարեկեցության պայմանների ապահովը՝ որպես բարձր մթերատվության երաշխիք, անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում տարվող պետական քաղաքականության առանձնահատկությունները, փոքր և միջին տնտեսություններում կաթնատու նախրի կառավարման փորձի ներկայացումը թեմաներով բանախոսել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Ռուդիկ Նազարյանը, «Սմարթ Ագրո» ՓԲԸ տնօրեն Արման Օհանյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը և ֆերմեր Սուրեն Վարդանյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Արթուր Մկրտչյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելաման ժամանակակից մեթոդները թեման, մեզ հետ զրույցում ասել է, որ անասնաբուժության դեմ կանգնած են վարակիչ, ինֆեկցիոն, պարազիտային հիվանդությունները, որոնք փոխանցվում են կենդանիներից մարդկանց՝ կաթնամթերքի, մսամթերքի և շփման միջոցով:
«Անասնաբուժության հիմնական մարտահրավերը եղել և մնում է այդ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը և կանխարգելումը: Անասնաբուժությունը նորից հետապնդում է իր ամենակարևոր խնդիրներից մեկը, դա հասարակության պաշտպանությունն է կենդանիների այն վարակիչ հիվանդություններից, որոնք ընդհանուր են կենդանիների և մարդկանց համար»,- ավելացրել է Ա. Մկրտչյանը:
Կոնֆերանսի վերջում մասնակիցները հանդես են եկել հարցերով և առաջարկներով:
Գրում է «Արցախպրես»-ը