fbpx
Աշխարհ

Սիրիա-Թուրքիա բախումներ. ի՞նչ է տեղի ունենում Սիրիայի հյուսիսում

2011 թվից մինչև հիմա ձգվող սիրիական քաղաքացիական պատերազմը շատերի կարծիքով արդեն ավարտին էր մոտենում: Այդ ժամանակ ապստամբների դիրքերն արդեն բավականին թուլացած էին, ժամանակին ամենախոշոր տարածքներն ունեցող ԻԳԻԼ-ը՝ գրեթե ոչնչացված, սիրիական բանակն ու իր դաշնակիցներն էլ վերագրավել էին երկրի հիմնական մասը և շարունակում էին առաջխաղացումը ապստամբների վերջին տարածքների ուղղությամբ: Իսկ քրդերն էլ մի կողմից բարելավվել էին իրենց հարաբերությունները Դամասկոսի հետ, մյուս կողմից էլ համեմատաբար կայուն ստատուս քվո վիճակում էին ստեղծել ապստամբների և իրենց հիմնական հովանավոր թուրքերի հետ:

Երբ սիրիական բանակն արդեն մոտենում էր ապստամբների կենտրոն հանդիսացող Իդլիբ քաղաքին, Թուրքիան, կառավարական ուժերին ետ մղելու և իր ազդեցությունը պահելու համար, ուղղակի ռազմական միջամտությամբ զորքեր փոխադրեց ապստամբների և կառավարականների սահմանին, որն էլ կարճ ժամանակ անց Սիրիա-Թուրքիա ուղղակի բախումների հանգեցրեց: Թուրքական կողմի հիմնավորումը Դամասկոսի կողմից 2018թթ. ձեռքբերված պայմանավորվածությունների խախտում է, որով նախատեսվում էր ռուս-կառավարական և թուրք-ապստամբական կողմերի միջև լարվածության դադարեցում, չեզոք գոտու ստեղծում և առևտրային նպատակներով սահմանների բացում: Բայց այդ պայմանագիրն այդպես էլ կյանքի չիրագործվեց, ինչն էլ փաստում է Թուրքիայի կողմից այդ համաձայնագիրն ուղղակի որպես պատրվակ օգտագործելը:

Իդլիբում տեղի ունեցող ճակատամարտը կարելի է բաժանել երեք փուլի՝

Առաջինի ժամանակ՝ 2019թ. դեկտ.-2020թ. փետրվարի ընթացքում, կառավարական կողմն արագորեն առաջ շարժվեց և մի քանի շաբաթ ժամանակահատվածում վերագրավեց շուրջ 2000 քառ./կմ տարածք՝ ամբողջությամբ վերահսկողության տակ առնելով Հալեպ-Դամասկոս միջազգային ավտոճանապարհը, ինչը պատերազմի ամբողջ ընթացքի տեսանկյունից բացառիկ ցուցանիշ է:

Երկրորդ փուլում՝ առաջխաղացումը կանխելու ու կառավարական ուժերին ետ մղելու համար թուրքական զորքերը մոտեցան Իդլիբ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընկած ճակատամարտի սահմանային հատված, վերազինեցին ապստամբներին և հակահարձակման անցնան: Այդ ժամանակ սիրիական բանակն իր առաջնահերթությունները փոխեց և Իդլիբի հատվածում պաշտպանական ուժեր թողնելով՝ ապստամբների հարավային շրջանների վրա հարձակվեց ու մի քանի տասնյակ բնակավայր գրավեց: Միևնույն ժամանակ Իդլիբի ճակատում ապստամբները, երկարատև նահանջներից ու պարտությունից հետո, որոշակի առաջխաղացում ունեցան և վերագրավեցին վերջերս կորցրած Սարաքեբ քաղաքը: Այս ընթացքում տեղի ունեցած թուրք-սիրիական ուղղակի բախումները լոկալ բնույթի էին և ճակատամարտի վրա էական ազդեցություն չունեցան:

Երրորդ փուլում՝ փետրվարի 27-ին, կառավարական զորքերը ուղղակիորեն ռմբակոծում են թուրքական բանակի դիրքերը՝ վերջինիս շարքերում իրեք տասնյակից ավել զոհեր, ինչից կարճ ժամանակ անց թուրքական հրետանու ու օդուժի պատասխան հարվածն է հետևում, ինչն էլ հանգեցնում է ուղղակի ռազմական բախումների:

Ներկայիս իրավիճակը

Ներկայումս Թուրքիան ավելի քան ութ հազար զինվոր և մի քանի հարյուր միավոր զինտեխնիկա է մտցրել Իդլիբի շրջան: Տեղի ապստամբների թիվը շուրջ եռեսուն հազար է գնահատվում: Հակառակ կողմի թվերը հստակ ասելն անհնար է, սակայն հայտնի է, որ գրոհներն իրականացնում են շուրջ 150-180հ. զինվոր ունեցող սիրիական բանակի ամբողջ հարձակվողական ուժը և ռուսական օդուժը, իսկ թիկունքն ու կողքերը պահում են բանակի այլ միավորներն ու բանակին կցված կառավարամետ զինյալ խմբավորումները:

Այս պահին կառավարական կողմը վերանվաճել է Սարաքեբ քաղաքը, սակայն ճակատամարտի երկրորդ փուլում ձեռք բերած հարավային տարածքների զգալի մասը կորցրել է, ինչը պայմանավորված է եղել թուրքական զորքերի վերջին հարվածներով և դրա արդյունքում կառավարական զորքերի մոտ առաջացած անորոշությամբ, որովհետև վերջիններս սովոր չեն օդային հարձակման պայմաններում տեղաշարժեր կատարել և հակաօդային պաշտպանություն կիրառել, այնինչ ապստամբները, տարիներ շարունակ օդային հարվածների տակ լինելով, ժամանակի ընթացքում սովորել են տեղաշարժերի ժամանակ հարվածներից խուսանավել:

Այս ամենի արդյունքում այժմ որևէ կողմ չի կարողանում հակառակորդի նկատմամբ առավելություն ձեռք բերել, և շեշտը դրված է օդային ու հրետանային հարվածներով միմյանց հյուծելու վրա:

Բանակցային գործընթացներ և միջազգային իրադրություն

Միջազգային ասպարեզում այժմ քննարկումներ են ընթանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, սակայն այժմ որևէ իրական արդյունք չի գրանցվել: Իսկ սիրիական պատերազմի փորձը ցույց է տալիս, որ նման քննարկումները հիմնականում լոկալ և ժամանակավոր արդյունքներ են ունենում կամ էլ ուղղակի տապալվում են:

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է աջակցի Թուրքիային, եթե ցանկանում է փախստականների ճգնաժամին վերջ տալ, և սպառնացել, որ պասիվության դեպքում փախստականներին Եվրոպա կուղղորդի: Իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ այս ճակատամարտում պատրաստվում է աջակցություն ցուցաբերել թուրքական կողմին: Կոնֆլիկտի մնացած արտաքին դերակատարները սահմանափակվել են քննադատական ուղերձներով և խաղաղության կոչերով:

Ներկայումս կարող ենք արձանագրել, որ Թուրքիան չի պատրաստվում ուղղակի բախումների մեջ մտնել ռուսական և իրանական կողմերի հետ, ռուսական կողմն էլ առիթից օգտվելով իր ցամաքային զորամիավորների մի մասը մոտեցրել է ճակատային հատվածներին՝ թուրքական կողմում շփոթմունքներ առաջացնելու նպատակով, իսկ Դամասկոսն էլ Թուրքիայի հետ ուղղակի բախումներին պատրաստ լինելու մասին է հայտարարել:

Ստեղված իրավիճակից կարելի է եզրակացնել, որ միջազգային դերակարտները տեղի հակառակորդներին ուղղակի հարվածների տակ են պահում, սակայն հրաժարվում իրավիճակն էլ ավելի էսկալացնել և միմյանց դեմ ուղղակի բախումների դուրս գալ:

Հեղինակ՝ Խոսրով Սեդրակյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ