Սիրիացի սակրավորները շարունակում են ականազերծել Հալեպի արվարձանում գտնվող Զահրա ավանը: Այն վերջերս էր ազատագրվել գրոհայիններից։ Այս մասին գրում է ria.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զահրայում ահաբեկիչների պաշտպանության գլխավոր գիծն անցնում էր բնակելի շենքերով։ Ամենուր առաջին, երկրորդ, երրորդ հարկերը լավ ամրացված կրակակետեր էին:
«Մեր գլխավոր խնդիրն է ականազերծել Զահրայի բոլոր ճանապարհները, բացել դրանք տրանսպորտի համար: Մենք արդեն վնասազերծել ենք հարյուրավոր ֆուգասներ։ Գրեթե ամեն օր գտնում ենք օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ֆուգասներ»,-լրագրողներին պարզաբանել է ինժեներական ծառայության հրամանատար Վահիդ Դիաբը:
Աղբյուրի զրուցակցի խոսքով՝ ականազերծումը դանդաղ է ընթանում։ Օրվա ընթացքում սակրավորները մոտ 300մ են առաջ շարժվում, քանի որ գործողությունները չափազանց վտանգավոր կարող են լինել: