Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը:
Ինչպես հաղորդել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, հրթիռակոծման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է սպանվել, ևս 12-ը վիրավորվել է։
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է արել, որ չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը՝ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են խախտել Իդլիբում հաստատված հրադադարը:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ թուրքական կողմը Ռուսաստանին նախապես իրազեկել էր լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հույս է հայտնել, որ միջոցներ կձեռնարկվեն, որ նման դեպքերը չկրկնվեն։
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերն այժմ միջոցներ են ձեռնարկում Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար։
Նշենք, որ Իդլիբն ահաբեկիչների համար վերջին հենակետն է Սիրիայում։ Սիրիայի բանակի հրամանատարությունը վերջերս հայտարարեց, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Թուրքիան կատարի Իդլիբի համաձայնագրով ստանձնած պարտականությունները։