Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ընդդիմադիր ուժերը» կառավարական ուժերից գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Իդլիբ նահանգի Սերաքիբ ավանն։ Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, հայտնի էր դարձել, որ այն ազատագրվել էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Սակայն ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տեղի ունեցած թեժ մարտերից հետո Սերաքիբը նորից հայտնվել է ընդդիմադիր ուժերի ձեռքում։
Սերաքիբի շրջանով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող Սիրիայի M4 և M5 մայրուղիները։
Նշենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը մեծապես անհանգստացրել է Թուրքիային։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:
Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Սիրիայի կառավարական ուժերը մինչև փետրվարի վերջ ետ չքաշվեն Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերի մերձակա տարածքներից, ապա Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի Բաշար Ասադի ուժերի դեմ։