Արտասահմանցի երեք լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, որովհետև ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է:
Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը: Ուղևորների մեջ էին արտասահմանյան ԶԼՄ-ները ներկայացնող լրագրողներ, այնպես էլ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: