ՀՀ Նիկոլ Փաշինյանը այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում ասել է.
«Դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, և նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, և այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ:
Այս է պատճառը, որ անհրաժեշտ համարեցի այս շեշտադրումներով հանդես գալը, որովհետև իմ իրավական և քաղաքական կարգավիճակի բերումով պարտավոր եմ ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի լավագույն ակնկալիքները կյանքի կոչվեն, իրականություն դառնան, և այդ ամենը տեղի ունենա հնարավորինս անցնցում:
Հարգելի գործընկերներ.
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ ևս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:
Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:
Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:
Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար:
Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ.
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները խորքային են և անշրջելի, և այդ փոփոխությունների հեղինակը ոչ թե առանձին վերցրած քաղաքական ուժ է, այլ Հայաստանի Ազատ և Հպարտ քաղաքացին, ողջ հայ ժողովուրդը: Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը ետ շպրտելու անիմաստ մոլուցքով, գործում են ընդդեմ ժողովրդի: Ընդդեմ Հայաստանի ժողովրդի, ընդդեմ Արցախի ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի:
Սիրո և համերաշխության հեղափոխությունը տապալել է կոռուպցիոն համակարգը և չի կարող համակերպվել որևէ այլ արդյունքի հետ, քան այդ կոռուպցիոն համակարգի ամբողջական և անվերապահ կապիտուլյացիան: Ինչ վերաբերում է դատական համակարգին, ուզում եմ արձանագրել, որ չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից:
Հայաստանի սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Հետևաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։
Որպես Հայաստանի վարչապետ՝ ինձ համարում եմ Հայաստանում ժողովրդի իշխանության երաշխավորը: Եվ մտադիր եմ այդ իշխանության երաշխավորման նպատակով իրականացնել անհրաժեշտ քայլեր, ընդհուպ՝ անհրաժեշտության դեպքում ժողովրդի անմիջական աջակցությանը դիմելը:
Եվ այս իմաստով, պատեհ եմ համարում մեկնաբանել, թե ի՞նչ նպատակ և խորհուրդ ունի այսօր վաղ առավոտից Հայաստանի՝ առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իմ կոչը:
Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են Հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից:
Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք:
Տիկնայք և պարոնայք, սիրելի ժողովուրդ, այս քննարկման արդյունքներով ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում ուղերձով կդիմեմ դատարանների մուտքերն արգելափակած մեր հայրենակիցներին:
Շնորհակալություն ուշադրության համար»: