Կառուցվածքային կայունության նոր հայեցակարգ
Ճարտարագետները ներկայացրել են երկնաքերերի նախագծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս օգտագործել շենքի սեփական զանգվածը՝ ուժգին քամիների և երկրաշարժերի ժամանակ տատանումները մեղմելու համար։ Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս մեթոդը կարող է փոխարինել ավանդական, մեծ տարածք զբաղեցնող դեմպֆերային համակարգերին։
Ըստ հետազոտության՝ 300-մետրանոց աշտարակի մոդելի վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել քամու ազդեցության տակ տատանումների մինչև 70 տոկոս, իսկ կառուցվածքային ծանրաբեռնվածության՝ ավելի քան 50 տոկոս նվազում։ Երկրաշարժային սցենարների դեպքում արձանագրվել է տեղաշարժի միջինը 42 տոկոս նվազում։ Այս արդյունքները կարող են ճանապարհ հարթել ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր քաղաքային զարգացման համար։
Նյութը պատրաստվել է newsweek.com-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
Ավանդական դեմպֆերներից դուրս
Ժամանակակից գերբարձրահարկ շենքերը սովորաբար օգտագործում են «կարգավորվող զանգվածային դեմպֆերներ» (tuned mass dampers), որոնք իրենցից ներկայացնում են շենքի վերին մասում տեղադրված հսկայական կշռաքարեր։ Arup ընկերության գլխավոր ճարտարագետ և հետազոտության համահեղինակ Միգել Մարտինես-Պանյեդան նշում է, որ նոր մոտեցումն օգտագործում է շենքի արդեն իսկ առկա զբաղեցրած տարածքը՝ որպես դեմպֆերային զանգված։
Մարտինես-Պանյեդան Newsweek-ին տված հարցազրույցում ընդգծել է. «Շենքն ավելի ծանր կամ կոշտ դարձնելու փոխարեն, մենք օգտագործում ենք դրա տարբեր մասերի վերահսկվող տեղաշարժը՝ կատարողականությունը բարելավելու համար»։ Այս մեթոդը թույլ է տալիս նվազեցնել շինանյութերի՝ մասնավորապես բետոնի և պողպատի օգտագործումը, ինչը համահունչ է կայուն շինարարության ոլորտի արդի պահանջներին։
Մարտահրավերներ և հեռանկարներ
Թեև մասնագետները դրական են գնահատում այս նորարարությունը, McHugh Construction-ի ինժեներական տնօրեն Իմոն Քոնոլին զգուշացնում է, որ այն դեռևս «խոստումնալից հայեցակարգ է, այլ ոչ թե ապացուցված ոլորտային ստանդարտ»։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են տեխնիկական վավերացում, շինարարական նորմերի համապատասխանեցում և երկարաժամկետ պահպանման պլանավորում։ Մասնագետները նաև նշում են, որ անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրել հրդեհային անվտանգության և ճակատային համակարգերի վրա դրա ազդեցությունը։ Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ նոր սերնդի երկնաքերերի համար, որտեղ շենքի շարժումը կառավարվում է ոչ թե լրացուցիչ նյութերով, այլ ճարտարագիտական խելացի լուծումներով։

