Եվրոպական հաշվեքննիչ պալատի (ECA) հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Եվրամիության՝ մինչև 2030 թվականը լիարժեք պաշտպանունակության հասնելու նպատակը մնում է կասկածելի։ Չնայած 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ԵՄ-ն զգալիորեն բարելավել է իր ռազմական պատրաստվածությունը, աուդիտորները զգուշացնում են, որ ազգային պաշտպանական համակարգերի մասնատվածությունը և ԱՄՆ-ից շարունակվող կախվածությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում ռազմավարական ինքնուրույնության հասնելու ճանապարհին։
Հիմնական մարտահրավերները
Զեկույցը ղեկավարած ECA-ի անդամ Մարեկ Օպիոլայի խոսքով՝ 2030 թվականի նպատակակետին հասնելը դեռևս «մարտահրավերային» է։ Փաստաթղթում նշվում է, որ արդյունաբերական սահմանափակումները և անդամ պետությունների միջև համագործակցության պակասը հանգեցնում են ծախսերի կրկնօրինակման և ռազմական կարողությունների բացերի։ 2020-2025 թվականներին ԵՄ անդամ երկրները պաշտպանական ծախսերն ավելացրել են 79%-ով, սակայն ինստիտուցիոնալ անհամաձայնությունները՝ ինչպես օրինակ Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ կործանիչի 100 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի ձախողումը, ցույց են տալիս քաղաքական կամքի և ղեկավարման խնդիրները։
Նյութը պատրաստվել է The Guardian-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
«Գնիր եվրոպականը» քաղաքականությունը և Ուկրաինայի հարցը
Զեկույցը մատնանշում է լարվածությունը կարճաժամկետ պաշտպանական կարիքների և «Գնիր եվրոպականը» քաղաքականության միջև, որի նպատակն է նվազեցնել արտաքին մատակարարներից կախվածությունը։ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի հունիսը ԵՄ կառավարությունների պաշտպանական գնումների 78%-ը կատարվել է դաշինքից դուրս, որից 63%-ը՝ միայն ԱՄՆ-ից։
Այս քաղաքականության շուրջ բանավեճը սրվել է Ուկրաինայի՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու խնդրանքով։ Ուկրաինան ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության շրջանակում խնդրել է բացառություն կատարել «Գնիր եվրոպականը» կանոններից՝ ամերիկյան արտադրության հրթիռներ ձեռք բերելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաստատել է, որ Ուկրաինան մի քանի միլիարդ եվրոյի հայտ է ներկայացրել, և այժմ վերջնական որոշումը կախված է անդամ պետություններից՝ արդյոք թույլատրելու են այս բացառությունը, թե ոչ։

