Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ այսօր կայացավ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինի ասուլիսը։
Երգչուհու խոսքով՝ ինքը վստահ էր, որ Snap-ը մեծ հաջողություններ կունենա և այդպես էլ եղավ։
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել, թե՛ ասուլիսին, թե՛ բուն մրցույթին: Այս շրջանում ես համագործակցում եմ լեյբլի հետ և իրականում ժամանակային առումով բարդ է եղել համատեղել աշխատանքն ու Հայաստանում ներկա գտնվելը, ելույթ ունենալը, բայց ինձ համար կարևոր է եղել այս մրցույթում ելույթ ունենալը: Նաև մենք ներկայացրել ենք համատեղ աշխատանք Մալենայի հետ և դա ևս կարևոր աշխատանք է»,-ասուլիսի ընթացքում նշել է Ռոզա Լինը:
Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլի» պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: Նկատում է՝ «Snap»-ը բարձր ցուցանիշներ ունեցավ մրցույթից հետո։
«Վստահ էի որ «Snap»-ը կունենա բարձր ցուցանիշներ Եվրատեսիլում, սակայն այն իր հաջողությունը գրանցեց մրցույթից հետո։ Ես երջանիկ եմ, որ իմ կարիերան այսպես է ընթանում և շարունակվում, բայց ինչ վերաբերում է կյանքի փոփոխությանը, կարծում եմ, երջանկությունը պետք է գտնել ներսում»,– ասել է նա։
Ռոզա Լինը կիսվեց նաև իր ունեցած դժվարությունների մասին, որ ունեցել է մրցույթի ավարտից հետո․ «Ամենադժվար ժամերը դրանք մրցույթից հետո էին, բայց մի քանի օր անց ամեն ինչ փոխվեց։ Ինձ համար դա մեծ փորձառություն էր։ Իսկ մեկ ամիս հետո «Snap»-ի հաջողության մի այնպիսի ալիք եկավ, որ չհասցրեցի հասկանալ, թե ինչպես դա եղավ։ Շնորհակալ եմ ընտանիքիս և ընկերներիս։ Ուրախ եմ որ մարդիկ ինձ տվեցին այն սերը որն ինձ հարկավոր էր, եթե չլիներ նման ընդունելությունը և սերը, ես այստեղ չէի լինի»։
Խոսելով այս շրջանի և հետագա գործունեության մասին երգչուհին նշեց՝ մրցույթից հետո շատ բարդ ժամեր են եղել:
«Ես եղել եմ զայրացած և դա բարդ փորձ էր, բայց ես այն շրջեցի, իսկ երգի հաջողությունը եկավ մեկ ամիս հետո և բավականին մեծ ալիքով: Ես ստորագրեցի պայմանագիրն ու մեկնեցի Լոս Անջելես: Առաջին ձայնասկավառակում լինելու են այլ բնույթի հարցեր: Ես փաստացի չեմ հաղթել Եվրատեսիլը, քանի որ փորձում եմ օբյեկտիվ նայել իրավիճակին, բայց այս ցուցանիշներն ինձ թևեր են տալիս»,- հավելել է երգչուհին: