Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքների քանակն ավելացել է: Սոցիալական ապահովվածության հարցը բավականին սրվել է: Այն առավել սուր է արտահայտվում մարզերում, որտեղ աշխատանք գտնելը դժվար է: Որքան հեռու է բնակավայրը մայրաքաղաքից, այնքան մտահոգիչ է սոցիալական ապահովության խնդիրը: Մարզերում զբաղվածության տարածքային կենտրոններում նույնիսկ ցածր վարձատրվող աշխատատեղերի համար մեծ հերթեր են գոյանում:
Զբաղվածության տարածքային կենտրոններում օր օրի ավելանում է աշխատանք փնտրողների թիվը, իսկ բարձր վարձատրությամբ աշխատատեղեր գրեթե չկան: Եթե նախկինում աշխատանքային միգրացիան ուղղված էր հիմնականում արտերկիր մեկնելուն, ապա այսօր նկատվում է ներքին միգրացիա: Միջքաղաքային տրանսպորտին զուգահեռ գործում են բազմաթիվ երթուղիներ, որոնք աշխատողներին ամեն առավոտ հասցնում են Երևան, իսկ երեկոյան կրկին հետ են վերադարձնում մարզեր: Բայց այս դեպքում էլ խնդիրը վերջնական լուծում չի ստանում: Մայրաքաղաքի աշխատաշուկայից կարողանում են օգտվել միայն մոտակա քաղաքների ու գյուղերի բնակիչները:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար խնդիրն օր օրի սրվում է: Համավարակի հետ կապված սահմանափակումները դժվարացնում են աշխատանք գտնելն ու արդեն ունեցածը չկորցնելը: Առանց այն էլ ցածր աշխատավարձի կեսն էլ մարդիկ վճարում են կորոնավիրուսի բացասական պատասխանով թեստ ձեռք բերելու համար:
Սոցիալապես անապահով ընտանիքների թվաքանակի ավելացումը կապված է նաև արտագնա աշխատանքի մեկնելու դժվարությունների հետ: Համավարակի սահմանափակումներն ու օդանավի տոմսերի թանկացումները կտրուկ ազդել են արտերկիրմ եկնողների աշխատանքի վրա: Երկրից դուրս աշխատանք կարողանում են գտնել միայն նրանք, ում հաջողվում է ինչ-որ կերպ հատե լսահմանն ու հայտնվել մեծ աշխատաշուկա ունեցող երկրներում:
Եթե նախկինում ընտանիքի սոցիալական անապահովության պատճառը ընտանի քիչ ափահասանդամների աշխատանքի բացակայությունն էր կամ ցածր աշխատավարձը, ապա այսօր դրանց գումարվել է ևս մեկը՝ բազմաթիվ ընտանիքներ պատերազմի հետևանքով կորցրել են ընտանիքի միակ կերակրողին: Ու թեև պետական նպաստների օգնությամբ ինչ-որ կերպ կարողանում են գոյատևել, դրանով խնդիրը չի լուծվում: Հատկապես ձմռան ամիսներին դրամական միջոցների անբավարարությունը առավել ակնհայտ է դառնում: Պետական նպաստները չեն բավարարում անգամ կոմունալ վճարումների համար:
Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօր բաժանվում են երկու խմբի՝ ընտանիքներ, որոնք մինչև պատերազմն էլ ունեցել են սոցիալական խնդիրներ, և ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով են կորցրել ընտանիքի միակ կերակրողին: Առաջիններիհ ամար սոցիալական միջոցների բացակայությունը մի կերպ տանելի է: Երկրորդ խմբին պատկանող ընտանիքներում սոցիալական խնդիրներին գումարվում է նաև հոգեբանականը՝ մինչև պատերազմը հայրական հոգատարությունը վայելած երեխաների համար ավելի դժվար է: Եթե առաջին խմբի ընտանքիների երեխաները ուրախանում են, որ ծնողներին հաջողվել է օրվա ուտելիքը ձեռք բերել, ապա երկրորդ խմբի ընտանիքների երեխաների համար անսովոր է, երբ չեն ստանում իրենց սիրելի ուտելիքը կամ հագուստը, չեն մասնակցում երաժշտական կամ նկարչական խմբակների դասընթացներին: Բացի այդ, առաջին խմբի ընտանքիների երեխաները սովոր են դիմանալ դժվարություններին, իսկ երկրորդ խմբի երեխաների համար ամենինչ դժվար է: Նրանք չեն ուզում կախում ունենալ ինչ-որ մեկից, ով կաջակցի իրենց ընտանիքին: Երազում են շուտ մեծանալ և հայրիկի նման հոգ տանել ընտանիքի համար: Հոր բացակայությունն առավել սուր է անդրադառնում այն ընտանիքների սոցիալական վիճակի վրա, որտեղ կան մինչև 6 տարեկան երեխաներ, ովքեր բացի մայրիկից չունեն այլ խնամակալներ
Հեղինակ՝ Նորա Ղազարյան