fbpx
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ

Հաշմանդամների իրավունքների թեման ամենաքննարկվածներից մեկն է   ՀՀ-ում և այն մեծ մասամբ առնչվում է վերջիններիս զբաղվածության և աշխատանքով ապահովվածության հետ: Հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Աշխատանքային գործունեությունն ապահովում է հասարակության մեջ գտնվող մարդկանց հաղորդակցությունը: Ի տարբերություն սահմանափակ կարողություն չունեցող մարդկանց, հաշմանդամները սահմանափակ հնարավորություններ ունեն աշխատելու հարցում: Դրա հետ մեկտեղ աշխատաշուկայում  նրանք պետք է  մրցունակ լինեն:

Հաշմանդամների աշխատանքն ունի կարևոր սոցիալ-հոգեբանական և բարոյագեղագիտական նշանակություն, նպաստում է անձի ինքնահաստատմանը, հոգեբանական արգելքների հաղթահարմանը, հաշմանդամների և նրանց ընտանիքների  նյութական դրության բարելավմանը, մեծ ներդրում է ունենում երկրի տնտեսության մեջ: Չնայած այն բանին, որ հաշմանդամությունը կապված է աշխատանք գտնելու դժվարությունների հետ, հաշմանդամի հիմնարար իրավունքներից մեկը աշխատանք ունենալն է: Այս իրավունքն ամրագրված է մարդու իրավունքների օրենքով և դրա իրականացման համար անհրաժեշտ է կառավարական միջամտություն:

Հաշմանդամների ստեղծագործական և արտադրական ընդունակությունների իրականացման նպատակով և վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան նրանք ապահովվում են աշխատանքի սովորական պայմաններ ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հաշմանդամների աշխատանքը կիրառող  մասնագիտացված (այդթվում` ուսումնաարտադրական) ձեռնարկություններում, արտադրամասերում և տեղամասերում աշխատելու, ինչպես նաև ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքով: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառում է այլ անձանց առողջությանը ևաշխատանքի անվտանգությանը:

  Երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական դրությունը պետք է այնպիսին լինի, որ կարողանա աշխատանքով ապահովել ոչ միայն առողջ քաղաքացիներին, այլև հաշմանդամներին: Երկրում պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա անհատին գտնել իրեն համապատասխան աշխատանք: Ինչպես գիտենք, ՀՀ-ում այդ խնդիրը բարդ է նույնիսկ առողջական խնդիրներ չունեցող անհատների համար: Իսկ հաշմանդամների համար խնդիրը կրկնակի բարդ է: Նրանք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում աշխատանք գտնելու փնտրտուքների ժամանակ, քանի որ գործատուներից շատերը պարզապես չեն ցանկանում աշխատանքի ընդունել սահմանափակ կարողություններով անձանց: Զբաղվածության տարածքային կենտրոններում վստահեցնում են, որ համապատասխան աշխատատեղերի առկայության դեպքում առաջնությունը տալիս են հաշմանդամներին, սակայն ոչնչով չեն կարողանում աջակցել նրանց, երբ գործատուները ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում վերջիններիս աշխատանքի:

 Վերջին ժամանակներում հաշմանդամների զբաղվածության հարցը բավականին արդի խնդիր է դարձել: Երկար ժամանակ կառավարության կողմից հաշմանդամների աշխատանքի խնդիրը լուծվում էր թոշակ կամ նպաստ նշանակելու ճանապարհով: Այդպիսով նրան փոխհատուցում էին աշխատանք չտրամադրելու համար: Կառավարության վերափոխման ու վերակառուցման հիմնական խնդիրն այսօր կայանում է հաշմանդամների համար աշխատատեղերի ստեղծումը և նրանց վերաինտեգրումը հասարակության մեջ: Աշխատանքային այս հեղափոխության համար նոր փոփոխություններ պետք է արվեն: Իսկ այդ հեղափոխության համար անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր ունեն սկզբունքորեն այլ հայացքներ հաշմանդամների նկատմամբ: Նման մասնագետները պետք է կարողանան աջակցել և ունենալ մասնագիտական բարձր որակավորում, ինչպես նաև՝ ունենալ արժանի նյութատեխնիկական բազա իրենց գործունեության իրականացման համար:

Հեղինակ՝ Նորա Ղազարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ