fbpx
Մշակույթ

Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը

Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

Պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ:

Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի համար գրված «Աղոթք» ստեղծագործության տեսահոլովակի պրեմիերան: Գոհար Հակոբյանը փաստում է՝ երգն իր բնույթով կոչ է:

««Աղոթք» երգը կարծես հոգու ճիչ լինի: Այն կոչ է անում մարդկանց՝ իրենց մեջ լույս գտնել: Լույս, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ: Ստեղծագործությունում ասվում է, որ մարդիկ չպետք է վախենան ոչ մի բանից, ձեռք ձեռքի բռնած հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ամենակարևորը հավատն է: Նշեմ, որ երգը գրված է հայերեն և անգլերեն լեզուներով: Տեքստում առկա է նաև Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործից թևավոր խոսք. «Ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է միայն սրատես»»,-նշում է Գոհար Հակոբյանը:

Տեսահոլովակն այնպես է ստեղծվել ու մոնտաժվել, որ դիտողի ուշադրությունը գրավի երգչուհին և նրա ձայնը: Երգչուհու կերպարը նման է ծաղկի:

Նշենք, որ ստեղծվել է երկու տեսահոլովակ, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն:

Երգչուհի Գոհար Հակոբյանը կատարում է ոչ միայն դասական ստեղծագործություններ, այլև սիմֆո-փոփ գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն:

Նա նշում է, որ սիմֆո-փոփ ժանրն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Հիմնականում սիմֆո-փոփ գործեր հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երգչուհին հույս ունի, որ ժանրը ժողովրդականություն կվայելի նաև մեր երկրում, և այդ ժանրով գործեր կատարող հայ արտիստները հնարավորություն կունենան հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել հեռուստատեսային միջազգային մրցույթների:

Նշենք, որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:

Հատկանշական է, որ նա 2016-ին իր հայրենիքում դարձել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: Երգչուհին Via-Goar երաժշտական կոլեկտիվի անդամ է, որտեղ նվագում են Բելառուսի առաջատար երաժիշտները:

2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը:

Ներկայումս Հակոբյանը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ արտիստն է: Առաջիկայում Գոհար Հակոբյանն ու Նարինե Զարիֆյանը հանդես կգան համատեղ այլ ձեռնարկներով: Գոհարը նաև իրեն կդրսևորի հանրահայտ վոկալ մրցույթներում: Երգչուհու ծրագրերում է առաջիկայում լսումներ անցնել Բելառուսի Մեծ թատրոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ