Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, և նա մահացել է ստացած վերքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել և սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից, հայտնում է The Hindu-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել Դասի մահվան կապակցությամբ։
Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ կրակոցներն արվել են շատ մոտ տարածությունից՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ի սահմաններում։ Ոստիկանության տեսուչն ու կոնստեբլն անմիջապես միջամտել և ձերբակալել են հարձակվողին։
Նաբա Դասը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։
Բժիշկները պարզել են, որ մի փամփուշտն անցել է նախարարի մարմնի միջով, որը վնասել է սիրտն ու ձախ թոքը և զանգվածային ներքին արյունահոսություն առաջացրել, ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել սպանության դրդապատճառների մասին։
Նաբա Դասը 2009 թվականից քաղաքականությամբ էր զբաղվում։ Նա Օդիշա նահանգի ամենահարուստ քաղաքական գործիչներից էր։