«Շանթ» ՀԸ հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս:
«Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ նաև միջազգային բոլոր հնարավոր ֆորմատների ակտիվացման միջոցով»,- նշել է ԱԳ նախարարը։
Այն դիտարկմանը, թե 7-օրյա դադարից հետո Ալիևի խոսքն ազդեցություն էր կրում Թուրքիայից և ավելի ագրեսիվ էր, նախարարը նշել է, որ Բաքվից եկած խոսքը տպավորիչ չէ.
«Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, ներողություն, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ էր, որ ևս մեկ անգամ ի ցույց դնելու սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը՝ թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ, Հայաստանի վրա, Արցախի վրա չի ազդում: Սա մերժված է բոլոր առումներով»,- ընդգծելէ Զոհրաբ Մնացակնյանը։
Նախարարը նաև անդրադրաձել է այն դիտարկմանը, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առանձին հիմնական ուղղություն է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի մասնակցությունը խաղաղ գործընթացին։
«Դա չափազանց էական է, բնավ ֆորմատի փոփոխություն չէ, դա ֆորմատի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղավ ֆորմատի ձևափոխում։ Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ֆորմատը»,- նշել է նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը նաև բացատրել ու ցույց է տվել, թե ինչքան կարևոր է այդ մասնակցությունը, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ցույց է տվել իր կարողությունը իր կյանքը կազմակերպելու, իր ընտրված իշխանություններին ունենալու, միջազգային գործընթացներում մասնակցելու կարողությունը։ Ավելին, Արցախի իշխանություններն ունեն ժողովրդական ճանապարհով ստացած իրենց ժողովրդից։
Տեսանյութը՝ shantnews.am-ի։