«Դաշնա՞կ, թե՞ բոլշևիկ» հակադրության արանքում մեզ հրամցնում են «սպիտակ հացի» պատրանքը։
Անցած գիշեր ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանեց Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջն անգամ ուղիղ եթեր էր ապահովել՝ նաև գրառմամբ հայ ժողովրդին «ավետելով», որ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումն այն կարևոր քայլն է, որն ապահովելու է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու տնտեսական համագործակցության խթանումը։ Այսօր վաղ առավոտից ողջ իշխանական մեդիան լծված է արդեն՝ ցորենով բեռնված գնացքի ժամանելու լուրը տարածելով։
Այն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակման վերացումը պետք է լինի ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության ուղենիշերից մեկը, այդ հարցում ոչ մի բանական մարդ չի կարող հակադրվել։ Խնդիրը դա չէ։ Խնդիրը վերջին տարիներին ՀՀ գործող վարչախմբի վարած ապազգային քաղաքականությունն է, որի համատեքստում Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման փաստն այսօր արդեն օգտագործվում է հայ անգետ ու հետամնաց մարդկանց «ուղեղները լվանալու» համար։ Ներկա կառավարողները շատ լավ հասկանում են, որ հանրության այդ շերտի ներկայացուցիչների աշխարհընկալումը հիմնվում է այն շարժառիթի վրա, թե որքանով իրենք կարող են բավարարել ստամոքսը լցնելու իրենց պահանջմունքը։
Ուղիղ 105 տարի առաջ տեղի ունեցավ Կարսի անկումը եւ կործանվեց Հայաստանի Հանրապետությունը, քանի որ հայ բոլշեւիկների ձեռքով վարվող քարոզչությունը հայության շրջանում ամենօրյա ռեժիմով տարածում էր այն թեզը, թե Հայաստանի խնդիրը նրա բուրժուական խավն է, որը թույլ չի տալիս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Ամբողջ երկրով մեկ տարածվում էին թռուցիկներ ու խոսակցություններ, թե աշխատավոր թուրքերն ու կովկասյան թաթարները ոչնչով վատը չեն աշխատավոր հայ ժողովրդից։ Եւ այն պատերազմը, որը քեմալականները մղում են Հայաստանի դեմ, դա հեղափոխական Թուրքիայի պատերազմն է դաշնակցական իմպերիալիզմի դեմ, որտեղ պետք է ազատագրվի նաեւ հայ ժողովուրդը։ Մարդկանց խոսակցությունների թեման այն էր, որ Քեմալի կարմիր թուրքերը դրանք սուլթանի վայրագ թուրքերը չեն, դրանք այլ թուրքեր են, որոնք Բոլշեւիկյան Ռուսաստանի հետ պայքարում են բոլոր չարքաշ ժողովուրդների շահագործումը վերացնելու համար։
Երեւանում այդ օրերին ժողովրդի միտքը ծանրացած էր մի սևեռուն գաղափարի վրա՝ իրենք շուտով ուտելու են սպիտակ հաց, որը գնացքով կտրել-անցնելով հեղափոխված եղբայրական Ադրբեջանի տարածքը, նրանց է հասնելու Ռուսաստանից։ Հետեւանքը եղավ այն, որ կործանվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, իսկ քաղաքական ու ռազմական ազգային վերնախավը ամբողջությամբ գլխատվեց։
Ներկա կառավարողներն իրենցից ներկայացնում են ապագաղափարական հայ նեոբոլշևիկների մի շերտ, որոնց հիմնական խնդիրը մարդկանց ուղեղները լվանալն է՝ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող «սպիտակ հաց»-ի պատրանքը ստեղծելով։ Իրենք կանգ չեն առնելու, քանի դեռ հայ ժողովուրդը շարունակելու է քնած մնալ։
Երբ խոսվում է առանձին ուժերի կողմից հայ ժողովրդի տարբեր շերտերի «ուղեղները լվանալու» երևույթի մասին, պետք է հասկանալ, որ նպատակը երազկոտ հայ ժողովրդի խորը քունն է։ Դրան ի հակակշիռ հարց է ծագում, թե ինչով են զբաղված հայ արթունները։ Իսկ արթունները զբաղված են բոլոր առումներով մերժելի «սեւ ու սպիտակ»-ը քննարկելով՝ ինչպես 100 տարի առաջ մեր պապերը քննարկում էին «դաշնա՞կ, թե՞ բոլշևիկ» հակադրությունը։
Սարո Սարոյան

