Մարտի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք և ծաղիկներ խոնարհել 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչները:
2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ ահեղ երկրաշարժ, որին հետևեց հզոր ցունամին: Այս աղետը շուրջ 18.000 կյանք խլեց: Աղետից մեկ տարի հետո ներկայիս Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ.ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանն, այցելելով Ճապոնիա և տեսնելով աղետի գոտին, որոշում է իր հարազատ քաղաքում՝ Սպիտակում, կառուցել և տեղադրել հուշարձան-կոթող՝ նվիրված Ճապոնիայի զոհերի հիշատակին:
Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն իր մագնիտուդով աշխարհում հզորությամբ հինգերորդն էր: Նախարարը նշեց, որ 1988 թ. հայ ժողովուրդն ինքն է կրել այդ արհավիրքի հետևանքները և, ունենալով երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը Ճապոնիայի կառավարությանը:
« Այս շրջանում Ճապոնիայի հետ ձևավորվել են համագործակցային հարաբերություններ: Բարձր մակարդակի վրա են աղետների վերացման, աղետների դեմ պայքարի ուղղությամբ երկու երկների կառավարությունների միջև հարաբերությունները: Բոլորովին վերջերս Ճապոնիայի կառավարությունն օգնության ձեռք մեկնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրատվության կարգով տրամադրել է բազմաթիվ տեխնիկական միջոցներ և շարունակում է տրամադրել: Մենք սպասում են օգնության նոր խմբաքանակի այս տարվա ավարտին», – ասել է ԱԻ նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել նաև Սպիտակի փրկարարական ջոկատի ծառայողներին՝ այս հուշարձանը կառուցելու համար: Ըստ նախարարի՝ ավելի խորհրդանշական վայր Հայաստանում դժվար է գտնել, քանի որ Սպիտակն է այն իրադարձությունների էպիկենտրոնը, ինչին հայ ժողովուրդը ակատես է եղել 1988 թ.:
«Հարգանքի տուրք մատուցելով Ճապոնիայիում երկրաշարժի հետևանքով զոհվածներին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև մեզ ու ճապոնացի ժողովրդին, և, հարգելի´ պարոն դեսպան, ի դեմս Ձեզ՝ Ճապոնիայի կառավորությանը: Աստված հեռու պահի բոլոր տեսակ աղետներից: Մենք պետք է պատրաստ լինենք օգնության ձեռք մեկնել մեկս մյուսին», – իր խոսքում նշել է ԱԻ նախարարը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ ողբերգության օրերին իր ժողովրդին ցուցաբերած բազմակողմ աջակցության համար:
«Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին, որոնց ջանքերով տեղադրվել է Արևելյան Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն տարի մարտի 11-ին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին շատ սերտորեն համագործակցել ԱՌՆ բնագավառում: Օգտվելով այս առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ու իր անձնակազմին հիրավի բարձր մասնագիտական հմտությունների համար: Ճապոնիան մշտապես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ կորուստները նվազեցնելու և մեր հասարակություններին ավելի տոկուն դարձնելու համար»,- ասել է դեսպանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշել է, որ Սպիտակի երկրաշարժ տեսած հայ ժողովուրդը կիսում է Ճապոնիայի ժողովրդի վիշտը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը օգնության ձեռք մեկնեց աղետից տուժած Ճապոնիային: Սպիտակցիները, ֆիզիկական աջակցությունից զատ, որոշեցին նաև իրենց հոգևոր զորակցությունը հայտնել՝ քաղաքում տեղադրելով զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը: Ըստ մարզպետի՝ սա ևս մեկ ապացույցն է առ այն, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստակամ է համագործակցելու Ճապոնիայի հետ՝ տարատեսակ արհավիրքների դեմ պայքարի հարցում: