fbpx
Կրթություն

Սփյուռքի երիտասարդներն ու ազգային պարի ուսուցիչները կվերապատրաստվեն ՀՀ-ում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Այս մասին տեղեկացրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:

«Ձեր կատարած աշխատանքի հաջողությունից է կախված օտար երկրներում ապրող հայ մարդու, մանավանդ՝ երիտասարդների մեջ ազգային ինքնագիտակցության, նկարագրի ու մշակույթի պահպանումն ու ամրապնդումը, տեղի համայնքների կյանքում հնարավորինս մեծ թվով հայերի ընդգրկումը, համահայկական ներուժի և միասնական ազգային օրակարգի ձևավորումը», – նշված էր Զարեհ Սինանյանի խոսքում:

Գլխավոր հանձնակատարը կարևորել էր նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջությամբ լինել հայախոս միջավայրում, շփվել հայերենով, ծանոթանալ և հաղորդակից լինել Հայաստանի հասարակական ու մշակութային իրողություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին Հայաստանում գտնվելու առթիվ.

«Կարծում եմ՝ Հայաստանում լինելն ամենամեծ բերկրանքն է յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի: Ես վստահ եմ, որ այս առիթը, որով դուք ժամանել եք հայրենիք, շատ արդյունավետ կօգտագործեք»:

Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդներն իրենց հետ մի կտոր հայրենիք կտանեն համայնքներ և կփոխանցեն նաև մյուսներին: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերադառնալ արմատներին: Պաշտոնական մասին հաջորդեց «Նյուանս» ջազ-բենդի ելույթը:

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցում է 24 երիտասարդ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների դասընթացին` 20 սփյուռքահայ Իրաքից, Իրանից, Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից:

Վերապատրաստման դասընթացների գործընկերներն են Երևանի պետական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան և World Vision կազմակերպությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ