Հոտկեմբերի 27-ն ու հաջորդած 22 տարիները հայ ժողովրդի համար սրում են մի խնդիր․ Բաբաջանյան-Azat TV
Հասարակություն

Հոտկեմբերի 27-ն ու հաջորդած 22 տարիները հայ ժողովրդի համար սրում են մի խնդիր․ Բաբաջանյան

Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի այս օրը, տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենամեծ ոճրագործություններից մեկը․ Ազգային ժողովում սպանվեցին ՀՀ այդ ժամանակվա վարչապետը, ԱԺ նախագահը և ևս 6 պետական գործիչ։

Այդ իրադարձության ու դրա հետևանքների մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

«27-ն ու դրան հաջորդած 22 տարիները, դրանց ընթացքում տեղի ունեցած վերելքներն ու հիմնականում, գերազանցապես վայրէջքներն ու անկումները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի սրում են մի խնդիր:

Ոչ թե փնտրել, թե ինչն էր սկիզբը, այլ հասկանալ տեղի ունեցածի և տեղի ունեցողի բնույթը, էությունը, բովանդակությունը, մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները, որ կիրառվել ու կիրառվում են անկախություն ձեռք բերած հետխորհրդային փոքր հանրապետության ու դրա ժողովրդի դեմ, որը սակայն մեծ ժողովուրդ է՝ հաշվի առնելով աշխարհասփյուռ հայկական ներուժը, որն ըստ էության այդպես էլ հավաքականորեն չծառայեց հայկական պետականության ամրացմանը:

Այդ պետականությունն այսօր ապրում է ճակատագրական և վճռորոշ օրեր, ինչն արձանագրելը սակայն այսօր ամենաքիչն է, որ հնարավոր է և պետք է անել: Ու թեև կարող է հնչել տարօրինակ, սակայն հայ ժողովրդի և հայկական պետականության համար ճակատագրականության և ըստ էության ճակատագրապաշտության «դարաշրջանը» փակելու համար պետք է ի վերջո հասնել հանրային նոր մտածողության:

Մտածողություն, որը կլինի նվազագույն միֆականացված և առավելագույնս ուղղված կլինի սեփական կարողությունների ռացիոնալ գնահատման, առանց ավելորդ վերամբարձության և հավակնոտության, միաժամանակ սակայն առանց ինքնանվաստացման և թերարժեքության և փոքրության բարդույթի:

Այո մենք փոքր պետություն ենք, սակայն պետք չէ նաև այդ հանգամանքը վերածել բարդույթի: Փոքր պետություն լինելու ռացիոնալ գիտակցումը պետք է լինի ուժեղ և արդիական պետություն դառնալու մեծ կամքի խթան: Մենք մեզ հետ տեղի ունեցածը և տեղի ունեցողը խորությամբ հասկանալու, ընկալելու, վերլուծելու, հետևություններ անելու և լուծումներ գտնելու խնդիրը կարող ենք և պետք է լուծենք այդ կամքի ձևավորմանը զուգահեռ:

Հայկական պետականության ամրությունն այդ կայուն զուգահեռի ապահովումն է: Մեկը չի կարող առաջ ընթանալ առանց մյուսի, դա կլինի խաբեություն: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց և ունենալ իրողություններին ոչ թե «լայն փակված աչքերով», այլ բարդույթներից, միֆերից և կարծրատիպերից զերծ մտքով նայելու կարողություն և ուժ», – գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ