Ստացվում է, որ այս արտոնություններով շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ․ վարչապետ

Ամենադիտվածներ

Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հումքի ներկրման համար տալիս ենք հարկային և մաքսային արտոնություններ, որպեսզի հումքը ներկրի, Հայաստանում իրականացնի արտադրական գործունեությունը և ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը և այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը:

Ստացվում է, որ այս արտոնություններով մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ առնվազն երեք նման դեպք ՊԵԿ-ը ներկայացրել է իրեն:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է, նաև հնում տրված արտոնություններն են չեղարկվում։

«Մենք նույնպես հետևողական ենք, ես խնդրել եմ, որ և ՊԵԿ-ը, և ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցին»,-հավելեց նա։

 

Ամենաթարմ