Ստամբուլի Քադըքյոյ շրջանի Ֆիքիրթեփե թաղամասի եռահարկ շենքերից մեկի երկրորդ հարկում նախօրեին պայթյուն է եղել հրդեհի բռնկումով։ Պատահարի հետևանքով 3 մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնել են Ստամբուլի նահանգապետարանից, վիրավոր անձը Ուզբեկստանի քաղաքացի է, իսկ մահացածներից երկուսը` նրա հայրն ու դուստրը։ Մյուսի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան Twitter-ում գրել է, որ հիշյալ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի հետ կապված խնդրի պատճառով։ Հրդեհի մարման աշխատանքները տևել են 5 ժամ։
Ի տարբերություն նահանգապետի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր Twitter-յան էջում տեղեկացրել է, որ պայթյունի պատճառը բնական գազը չէ։ Նա հավելել է, որ միջադեպի հանգամանքները դեռ կպարզաբանվեն ու ոստիկանությունը կիրազեկի հանրությանը։