fbpx
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի ժամանած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը, որի կազում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։

Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի և Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։

Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում դեռևս նախորդ տարի սկիզբ դրված համակարգային փոփոխություններն ու երկրի զարգացման միտումները հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել Սոդերթայլեի քաղաքային իշխանություններին կրթադաստիարակչական բնագավառներում հայ համայնքի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության ու հոգատարության համար և ընդգծել, որ ցեղասպանությունը վերապրած ժողովրդի համար չափազանց կարևոր է իր պատմական հիշողությանն հաղորդակցվելու, իր մայրենի լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ունենալ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ