Տնտեսություն

Սուրմալուի տերերը չեն փոխհատուցելու. պարտադրել են հրդեհից տուժված բիզնեսմեններին չբողոքել

surmalu hrdeh

Ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ) հրդեհ էր բռնկվել։ Հրդեհվել էր տասնյակ ձեռներեցների խանութներն ու պահեստները։ Ըստ հրշեջների, հրդեհը բռնկվել էր էլեկտրական լարերից և տարածվել կենտրոնական մասնաշենքով մեկ։ Քչերը չվնասվեցին, այն էլ հրշեջների մեծ ջանքերի շնորհիվ, ոմանք կորցրեցին ամեն ինչ։

Ըստ մեր աղբյուրների, այրվել է միլիոնավոր դոլլարների հասնող ապրանքներ։ Ձեռներեցները մնացել են կատարվածի առնչությամբ ձեռնունայն, քանզի ոչ ոք նրանց ոչ մի օգնություն կամ փոխհատուցում չի ցանկանում տրամադրել. ո՜չ ապահովագրություն է գործում նման կենտրոններում, ո՜չ առևտրի կենտրոնի տերերն են պատասխանատու զգում իրենց՝ տարածքում կատարվածի համար, ո՜չ Հայաստանի Էլեկտրական ցանցերը, ո՜չ էլ պետությունն է քայլ արել՝ մեղմելու կորուստներն ու վնասները կամ պարզելու ու պատասխանատվության կանչելու մեղավորներին։

Ձեռներեցներից ոմանք փորձել են օգնության դիմել՝ որոշակի փոխհատուցման ակնկալիքով, սակայն նրանց վրա ճնշումներ են բանեցվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ առևտրի կենտրոնի տերերը իրենց աշխատակիցների միջոցով ստորագրություններ են հավաքել տուժված գործարարներից, որ իբր բողոք և պահանջներ չունեն իրենցից։ Սակայն, ինչպես կարելի է չունենալ պահանջ նրանցից, երբ նույնիսկ տարրական սանիտարահիգիենիկ վիճակը չի պահպանվում այդ կենտրոնում, երբ էլեկտրական լարերը ոչ մի չափանիշի չի համապատասխանում և առհասարակ պայմանները առևտուր անողների համար շատ ցածր մակարդակում են գտնվում, նույնիսկ՝ զուգարանները կեղտի մեջ կործան են։ Դրա մասին գիտեն բոլոր առևտրականները և շուկայից օգտվողները։

Սեփականատերերին միայն հուզում է այն, որ Հայաստանի ամենամեծ առևտրի կենտրոն Սուրմալուն ամենաթանկարժեք տաղավարներն ունենա։ Հավանաբար, այդ պատճառով էլ առևտրականների հետ կնքում են պայմանագրեր շատ քիչ իրավունքներով, բայց մեծ պարտականություններով և տրամադրում տարածքները՝ չանելով մինիմալ ծախսերը իրենց հաճախորդների և բնակչության համար։

Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, այրված տարածքի վերականգնումը մինչև հիմա՝ երկու ամիս անց, իրականացված չէ և նույնիսկ վերանորոգման ծախսերը փորձում են բարդել տուժված ձեռներեցների վրա՝ պահանջելով նրանցից, որ իրականացնեն վերանորոգումը և շինանյութերի ձեռքբերումը։ Հակառակ դեպքում սպառնում են միակողմանի խզել պայմանագրերը և չտրամադրել տաղավարներ։ Այդ վերաբերմունքը կա գրեթե բոլոր առևտրականների հանդեպ։ «Բոլորս զզված ենք այսպիսի վերաբերմունքից և օրերից մի օր ուղղակի չենք զսպելու մեզ, միառժամանակ դուրս ենք գալու ու գնանք այլ առևտրի կենտրոններ, որ իրենց մնան իրենց չոր ու կեղտոտ պատերը»,- ասեց մեր աղբյուրը։

Իսկ թե ինչ են մտածում այս կապակցությամբ պատկան մարմինները և իշխանական ուժերը, եթե գործը հասնի նրանց, և ինչպես կվարվեն խնդրահարույց պայմանագրերի ու անբարեխիղճ վերաբերմունքի հետ կապված, ոչ ոք չգիտի։ Ո՜չ Սուրմալուի սեփականատերերն են երաշխավորված, որ խնդիրներ չեն ունենա իրավապաների հետ, ոչ էլ ձեռներեցները՝ առևտրի կենտրոնի տերերի հետ։ Մեր աղբյուրն ասում է,- «Մենք պատրաստ ենք բողոքել և մեծամասնությունը կմիանան մեզ, եթե այսպիսի գործելաոճով շարունակեն մեզ ճնշել, որովհետև դա վերաբերվում է բոլորիս։ Մեկ օր էլ մյուս բիզնեսմենի խանութը կարող է հրդեհվել, ոչ ոք երաշխավորված չէ, ու ամեն մեկն էլ գիտի, որ այդ վերաբերմունքին է արժանանալու։ Պետք լինի կգնանք Ազգային ժողով էլ, Նիկոլի ու Պուծինի մոտ էլ, եթե համը հելնի։ Ուղղակի մենք առևտրականներ ենք, մեր ուզածը խանութները սարքեն՝ տան հետ ու պայմանները լավացնեն, որ աշխատենք մեր պարտքերն ու վարկերը փակեն։ Մարդիկ կան, ասում եմ՝ ամեն ինչ են կորցրել, բայց իրենցից էլ են պահանջում»։

Խնդիրը միանշանակ է՝ ձեռներեցները պետք է ստանան լավ աշխատանքային պայմաններ, և եթե նույնիսկ փոխհատուցելու մասին խոսք չգնա, ապա ամենանվազ բանը, որ պետք է անեն տարածքի լիարժեք վերանորոգված ու պատրաստի հանձնում է գործարարներին, որպեսզի նրանք հաղթահարեն ճգնաժամը, վերականգնեն կորուստները և շարունակեն վարձակալել տարածքներն ու առևտուր անեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ