fbpx
Իրավական

Սյունիքի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. ՔԿ

Qnnchakan-komite-1024x563

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն եւ իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների եւ իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի եւ Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել եւ ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսեւորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաեւ խոչընդոտել են ՀՀ Վարչապետի եւ նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում եւ քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել նրանց:

Նույն օրը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ կատարած այցի, Մեղրի համայնքի ղեկավարի կազմակերպմամբ կատարված վերոնշյալ գործողությունների, ինչպես նաեւ՝ ՀՀ Վարչապետի կողմից Երեւան վերադառնալու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել եւ ղեկավարել է խուլիգանական գործողություններ, որի ընթացքում ՀՀ Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթեւեկությանը եւ ձվեր նետել նույն ավտոշարասյան ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ