Թաիլանդում մայիսի 4-ին սկսվեց թագավոր Մահա Վաջիրալոնգկոռն Բոդինդրադեբայավարանգկունի թագադրության եռօրյա արարողությունը, որը կդառնա Չաքրի հարստության 10-րդ թագավորը: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Վաջիրալոնգկոռն թագավորը գահը ժառանգել է 2016 թվականին հոր՝ Պումիպոն Ադուլյադետի մահից հետո։
Մի քանի օր առաջ թագավորը շրջապատին զարմացրեց՝ հայտարարելով իր վաղեմի գործընկեր և թիկնապահների ստորաբաժանման փոխհրամանատար Սութիդա Թիջաիի հետ ամուսնանալու մասին, որն ստացել է Սութիդա թագուհու տիտղոս։
Թաիլանդը սահմանադրական միապետություն է, սակայն թաիլանդցիները խոր հարգանք ունեն միապետական ընտանիքի հանդեպ, որն զգալի իշխանություն ունի։
Երկրում գործում են նաև խիստ օրենքներ, որոնք արգելում են քննադատությունը միապետի հասցեին։ Այդ օրենքները պաշտպանում են թագավորական ընտանիքը հրապարակային քննարկումներից։
Ինչպես նշում է BBC News-ը, թագադրումը համընկել է երկրում քաղաքական անորոշության շրջանին։
2014-ի հեղաշրջումից և բանակի իշխանության գալուց հետո այս տարի մարտի 24-ին տեղի ունեցան համընդհանուր ընտրություններ, բայց նոր կառավարություն դեռ նշանակված չէ։
Այնուամենայնիվ, շատ թաիլանդցիներ հուզմունքով պատրաստվում են հետևել այս պատմական իրադարձությանը՝ 70 տարվա մեջ առաջին թագադրությանը։
