fbpx
Մշակույթ

«Թակարդ Ստալինի համար». նոր ներկայացում երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Վրացի հեղինակ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Թակարդ Ստալինի համար» մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`ներկայացումն անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին և նրա առեղծվածային մահվանը:

«Պիեսը լավն է ու  հետաքրքիր: Կարծեցի, որ իմաստ ունի այսօր այդ թեմայի շուրջ կրկին խոսել, քանի որ սերունդներն ասես մոռանում են ստալինյան բռնապետությունը, այդ ժամանակաշրջանն իր դաժանությամբ, նենգությամբ, ստորությամբ, որը մեր հայրերը, պապերը շատ լավ են հիշում»,-մեզ հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:

Նա շեշտեց, որ մեր օրերում անհանգստանալ պետք է, քանի որ Ռուսաստանի քաղաքական կյանքի որոշ շրջանակներում Ստալինը համարվում է իր ժամանակների ամենահզոր մարդկանցից մեկը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ
շատ ուրախ է, քանի որ  վերջին շրջանում  Հակոբ Ղազանչյանն այլ տեսակով է մատուցում իր ներկայացումները: «Արդեն նրա որերորդ ներկայացումն է, որը նման չէ իմ բեմադրություններին: Դրանք գործեր են, որոնք հետաքրքրություն են առաջացնում անգամ ինձ մոտ, մարդու, որը բավականին երկար ապրել է և  շատ բան է տեսել: Ես ուզում եմ, որ այս ներկայացումը երկար կյանք ունենա»,- ընդգծեց նա ու հավելեց, որ բեմադրության մեջ զբաղված են շատ հետաքրքիր դերասաններ:

«Հպարտանում եմ, որ մեր դերասանական կազմի լավագույն ներկայացուցիչներն ընդգրկվել են այս բեմադրության մեջ: Հաճելի է, որ նրանցից երկուսն իմ ուսանողներն են»,- եզրափակեց Երվանդ Ղազանչյանը:

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանը, Բորիս Պեպանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լուսինե Արշակյանը, Գարիկ Ասատրյանը, Հարութ Մելիք-Բեկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ