2020 թվականի պատերազմից և համավարակի ստեղծած տնտեսական ճգնաժամից հետո մեր երկրում սկսվեց թանկացումների ալիք, որը տարեցտարի ավելի ծանրացավ: Թանկացան ոչ միայն կոմունալ վճարներն ու հարկերը, այլև՝ սնունդն ու կենցաղային ապրանքները: Նվազագույն աշխատավարձով ապրող մի շարք ընտանիքների համար սկսվեց ծանր ժամանակաշրջան: Դրան գումարվեց նաև ստեղծված արհեստական խուճապը: Մարդիկ սկսեցին ծախսել իրենց վերջին գումարները՝ ձեթ ու ալյուր գնելու համար, քանի որ անհայտ աղբյուրներից լսել էին, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ալյուր և ձեթ այլևս չի ներկրվելու: Խուճապային այս իրավիճակն առավել պատկերավոր արտահայտվեց խանութներում, որոնց ցուցափեղկերը մի քանի օրում դատարկվեցին: ՀՀ իշխանությունները փորձեցին մամուլի ու հեռուստատեսության միջոցով բնակչությանը հանգստացնել՝ ասելով, որ ՀՀ-ում բավականին մեծ հացահատիկի ու ձեթի պաշար կա և սնունդի դիֆիցիտ չի լինելու: Բայց ո՞վ էր լսողը: Ստեղծված իրավիճակից օգտվեցին մի շարք խանութների տերեր, ովքեր արհեստականորեն բարձրացրեցին առաջին անհրաժեշտության սննդամթերքի գինը և մի քանի օրում ստացան մեծ շահույթ:
Իրական թանկացումներին գումարվեց վաճառականների և տնտեսվարողների կողմից ստեղծված արհեստական թանկացումը Զատիկի նախօրեին: Թեև խանութներն ու կրպակները լի էին տոնի համար անհրաժեշտ սննդամթերքով, վերջիններիս գները հասել էին առասպելական ցուցանիշների: Ընդամենը մեկ շաբաթ առաջ 500 դրամով վաճառվող սիգի արժեքը հասել էր 1000 դրամի: Բնակչության շրջանում կատարած հարցումների արդյունքում պարզեցինք, որ սիգ ձկան արժեքը որոշ տեղերում հասել է նույնիսկ 1200 դրամի: Սակայն առիթից օգտվել ցանկացող վերավաճառողներն այնքան շատ ձուկ են բերել շուկա, որ չեն կարողացել ամբողջությամբ վաճառել: Ստիպված զատիկի նախօրեին երեկոյան ձկի գինն իջեցրել են մինչև 500 դրամ, որպեսզի խուսափեն փչացած ապրանքի իրացման հետ կապված դժվարություններից: Եվ նրանք, ովքեր շուկա են գնացել երեկոյան ժամերին, կարողացել են ձուկը ձեռք բերել ինքնարժեքով:
Զատիկի նախօրեին թանկացումների մանիպուլյացիա է կատարվել նաև ձվի վաճառքով զբաղվող խանութներում: Գնորդների հավաստմամբ 50-55 դրամանոց ձուն պահվել է խանութների պահեստներում, որպեսզի իրացվի առավել թանկ գներով ձեռք բերված ձուն: Որոշ խանութներում էժան ձուն վաճառել են միայն ծանոթներին:
Կանաչեղենի վրա թանկացումներն ազդել են դեռ Զատիկից երկու շաբաթ առաջ: 100 դրամով վաճառվող համեմի մեկ կապը դարձել է 250-300 դրամ, իսկ կանաչ սոխի մեկ կապը՝ 250 դրամից հասել է 450 դրամի:
Բնակչության շրջանում կատարված հարցումներից պարզել ենք, որ զատկական սեղան պատրաստելու համար յուրաքանչյուր ընտանիք միջինում ծախսել է 25-30.000 դրամ: Առավելագույն ծախսը այդ օրերին կազմել է 200000 դրամ: Իսկ նրանք, ովքեր գումար չեն ունեցել, սահմանափակվել են միայն ձու և լավաշ գնելով:
Ըստ խանութների և սուպերմարկետների տնօրենների՝ թանկացումները կամայական ցանկության հետևանք չեն: Թանկացել են այն ապրանքները, որոնք ձեռք են բերվել թանկ գներով: Ա.Մ.-ի հավաստմամբ «սխալ է այն կարծիքը, որ յուրաքանչյուր խանութպան առիթ է ման գալիս ապրանքը թանկ վաճառելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ բնակչությունը չունի բավարար ֆինանսական միջոցներ թանկ ապրանք գնելու համար: Ի՞նչ օգուտ կարող ենք ունենալ, եթե ապրանքը մնա խանութում և փչանա»: Կան նաև խանութպաններ, ովքեր չեն ժխտում, որ թանկացումների մեծ մասը իրենց ոլորտի ներքին պայմանավորվածության արդյունք է: «Թող իզուր չբողոքեն, որ չեն կարողանում ապրանք գնել,- ասում է Կ.Լ.-ն,- սնունդը վաճառվում է նախկինի նման: Ոչ մի փոփոխություն չեմ նկատել մինչ օրս: Նույնիսկ թանկ գներից մշտապես բողոքող անձիք շարունակում են նույն ապրանքները գնել ավելի թանկ գներով: Եթե բոլորն օգտվում են թանկ վաճառելու հնարավորությունից, ես ինչու՞ պետք է չօգտվեմ»:
Մսամթերքի շուկայում թանացումները դեռ շարունակվում են: Մսավաճառ Մ. Գ.-ի հավաստմամբ մսամթերքի գինն առաջիկայում ավելի է բարձրանալու, քանի որ անասնակերը նույնպես թանկացել է: Սակայն բնակչությունը դեռ շարունակում է միս գնել նույն տեմպերով: Վաճառքի անկումներ դեռ չեն նկատվում:
Թանկացումների ալիքից դժգոհ են միայն մեծ ապրանք վաճառողները: Կահույքի խանութներում նկատվում է վաճառքի անկում, քանի որ բնակչությունը գերադասում է ունեցած գումարով սնունդ ձեռք բերել: Կահույքի խանութներից մեկի տնօրենի հավաստմամբ վաճառքի մեծ ծավալ են ունենում միայն աշնան ամիսներին և ամանորի նախաշեմին, երբ «խոպանից վերադառնում են տղամարդիկ»: Տարվա մյուս ամիսներին վաճառքի տեմպերը դանդաղ են:
Թանկացումների վերաբերյալ խանութպանների ու բնակիչների կարծիքները իրարամերժ են: Առաջինները պնդում են, որ վաճառքի տեմպերի անկում չի նկատվում, իսկ վերջինները հավաստում են, որ ստիպված են եղել որոշ սննդատեսակներից հրաժարվել: «Եթե նախկինում ամիսը երեք-չորս անգամ միս էինք գնում, հիմա աշխատավարձից աշխատավարձ ենք միս ուտում»,-նշում է տիկին Անահիտը: Իսկ տիկին Վարդուհին ավելացնում է. «Ամեն ինչից քիչ-քիչ ենք առնում, որ գումարը բավականացնի»:
Բնակչության համար առավել ծանր է դեղորայքի թանկացումը, քանի որ առողջական խնդիրները սպասել չեն կարող: Անկախ նրանից՝ դեղերը թանկ են, թե՝ էժան, ստիպված են գնել: Իսկ դեղերի գներն օր-օրի բարձրանում են: Հատկապես թոշակառուների համար դեղորայք և սնունդ ձեռք բերելը դարձել է մղձավանջ: Խանութներից ու դեղատներից ապառիկ գնումներ են կատարում, իսկ երբ թոշակ են ստանում, «չեն իմանում՝ որ պարտքը տան, որը՝ թողնեն»: «Մինչև հասնում եմ տուն, թոշակս արդեն բաժանած եմ լինում: Կեսը տալիս եմ խանութին, կեսը՝ ապտեկին ու դատարկ տուն գալիս: Մի էնքան չի հերիքում, որ գոնե մի երկու միրգ առնեմ»,- ասում է Սիրան տատիկը, ապա հավելում. «Կոմունալներն ինչով եմ տալու՝ չգիտեմ»:
Թանկացումների բեռի տակ կռացած ժողովուրդը մեծ ակնկալիքներ չի կապում կառավարության վարած քաղաքականության հետ: Յուրաքանչյուրն ինքն է հոգում իր խնդիրները: «Կաշվից դուրս գալով՝ աշխատում ենք, որ մեր երեխեքը սոված չմնան,- նշում է 40-ամյա Տ.Կ.-ն,- ոչ մեկի վրա հույս չենք դնում»: Բնակչությունը հույսով սպասում է, որ մի օր «երկիրը ոտքի կկանգնի», նոր աշխատատեղեր կբացվեն ու բնակչությունը աշխատանք կունենա:
Հեղինակ՝ Նորա Ղազարյան