Տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվի անհատական մոտեցում. քննարկում՝ h. 92 մանկապարտեզի շուրջ

Հրապարակող՝

Տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվի անհատական մոտեցում. քննարկում՝ h. 92 մանկապարտեզի շուրջ

Ամենադիտվածներ

Օրեր առաջ սոցիալական ցանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Երևանի հ. 92 մանկապարտեզի երեխաներն էին՝ կապված աթոռներին:

Դեպքը առիթ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվի նեղ մասնագիտական քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ, բժիշկներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական կառույցների անդամներ:

«Խնդիրը շատ նուրբ է, և կուզենայի, որ այս բազմաշերտ մասնագիտական խմբով փորձենք խնդրին համապատասխան լուծում տալ: Չնշելով, որ մանկապարեզը ներառական է, համացանցային հրապարակումից տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում է կիրառվում նման մոտեցում, ինչի հետևանքով մենք մեծ աղմուկի բախվեցինք: Օգտագործելով այս երեխաներին՝ փորձ արվեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների կառավարման համակարգի վրա ստվեր գցել, ինչն ուղղակի անընդունելի է: Բնականաբար, այս ընթացքում այցելություններ են եղել մանկապարտեզ: Մենք պետք է հարգենք երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները` համապատասխան պայմաններ ստեղծելով երեխաների համար»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը՝ հորդորելով ոչ մասնագետներին զերծ մնալ մասնագիտական կարծիքներ արտահայտելուց:

Քննարկման ընթացքում նշվել է, որ 2015 թվականից ներառական 3 խմբով աշխատող թիվ 92 մանկապարտեզ հաճախում է տարբեր խնդիրներ ունեցող 24 երեխա: Նրանցից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս անվասայլակներով: Նստարանները, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, մանկապարտեզին տրամադրել էր «Արբես» առողջապահական կենտրոնը: Հանդիպմանը ներկա կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Զաքարյանը նշել է, որ աթոռակները հատուկ մասնագիտական չեն, բայց փորձել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հնարավորին հարմար դարձնել: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով էլ դա արվել է երեխաների անվտանգության նկատառումներով:

«Ես չեմ բացառում, որ կրթական ոլորտում կան խնդիրներ, բայց երբ այն միանգամից և առանց ճշգրիտ տեղեկատվության սոցիալական ցանցերի քննարկման առարկա է դառնում, սա ոտնահարում է առաջին հերթին երեխաների իրավունքները», – ընդգծել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին նշել է, որ լուսանկարները տեսել է նախքան հրապարակումը, իսկ համացանցում հայտնվելուց հետո շտապել է մանկապարտեզ: Փոխնախարարի խոսքով, լինելով կրթական ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, նախարարությունը կարևորում է խնդիրների վերհանումը, դրանց շուրջ քննարկումները:

Պե՞տք է արդյոք երեխաներին ամրակապել, թե՞ ոչ: Մասնագետներն այս հարցում միակարծիք չեն: Սակայն խոսելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդաբանության մասին՝ քննարկման մասնակիցները փաստել են, որ բռնության որևէ դրսևորում չի կարող դրանց մաս կազմել: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն մասնագիտական գույքի թարմացման ուղղությամբ:

Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, և տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ