Կառավարության դիմաց այժմ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Թատերական գործիչները պահանջում են, որ Կոնստանտին Օրբելյանը չհեռացվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը, վստահեցրել, որ նրանց պահանջները չեն անտեսվի:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին պաշտոնից ազատվել էր Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Վերջինս նաև նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Այնուհետև Մշակույթի նախարարությունից տեղեկացրել էին, որ Օրբելյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնից չի հեռացվել, նա շարունակում է մնալ որպես գեղարվեստական ղեկավար: Միայն տնօրենի լիազորություններն են կասեցվել: Քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք:
Այնուամենայնիվ` բողոքի ակցիա իրականացնողները պնդում են, որ օրենքը կարող է փոխվել, քանի որ Օրբելյանը մեծ նշանակություն ունի Օպերային թատրոնի համար։