Դիլիջանում անցած շաբաթ կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ 2019թ․ փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ։Փոխանցում է itel.am-ը։
Ալեքսանդր Եսայանի խոսքով, վերջերս Թայվան կատարած իր այցի ժամանակ հանդիպել է 63 երկրներում գործող թայվանական Taitra առեւտրային կազմակերպության նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության եւ տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի եւ այլ առաջնորդների հետ:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի վերջիններս Հայաստան այցելեն: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր 1985թ. հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:
Ալեքսանդր Եսայանը տեղեկացրել է, որ ԱՏՁՄ-ն կկազմակերպի աշխատանքային հանդիպումներ Թայվանի պատվիրակների, ՀՀ Կառավարության եւ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության եզրեր ստեղծելու նպատակով: