Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի Է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրներից: Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում, որը 2014 թվականին ընդունվել է Ուելսի գագաթնաժողովում»:
«Առաջին նման զորավարժությունները Վրաստանում տեղի են ունեցել 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկայիս վարժանքներին շուրջ 350 զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 26 երկրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հավելել են, որ զորավարժությունների նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինված ուժերի փոխհամատեղելիության խորացումն է, դաշինքի անդամ ու գործընկեր երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ճգնաժամային իրավիճակներին համապարփակ հակազդման մշակումը։
Զորավարժություններին որպես դիտորդներ մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Նշվում է, որ մարտի 25-ին զորավարժությունների ընթացքին կհետևի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Զորավարժությունները կավարտվեն մարտի 29-ին: Մարտի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ NATO-Georgia Exercise 2019 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի կամ որևիցե այլ պետության դեմ և զուտ պաշտպանողական բնույթ են կրում։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: