Տեղեկություններ կան, որ UCOM-ում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի Միքայել Մինասյանը․ վարչապետի խոսնակ

Հրապարակող՝

15611307683095

Ամենադիտվածներ

«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որի մեջ նաև ասվում էր․ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել UCOM-ը»։

Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ վարչապետի մամուլ խոսնակ Մանե ԳևորգյանըFacebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը:

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:
Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների:

Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով», – գրել է խոսնակը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4256776424347427&id=100000453356168

Ամենաթարմ