fbpx
Իրավական

Այն ամբողջությամբ հերյուրանք է․ ՊԵԿ-ի պարզաբանումը՝ օրաթերթի հրապարակման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ

«Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի ապրիլի 28-ի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ այն ամբողջությամբ հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցը հերթական անգամ հրապարակել է չճշտված տեղեկատվություն:

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի 18.02.2019 թվականի հանձնարարագրի համաձայն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում կատարվել է համալիր հարկային ստուգում։ Արդյունքում 21.01.2020 թվականին կազմվել է ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է 1.087.779.911 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Ընկերության կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերը նշված ակտի դեմ դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Բողոքի քննությունը տեղի է ունեցել հանձնաժողովի 21.04.2020 թվականի նիստում, որի արդյունքում ընդունվել է դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ որոշում, այսինքն՝ ստուգման ակտը թողնվել է անփոփոխ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին որևէ աշխատակցի՝ հետագայում ցանկացած ընկերությունում աշխատանքի անցնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ ընկերությունում հարկային վարչարարության չիրականացման համար», – ասվում է հայտարարությունում։

Կոմիտեն նաև հորդորել է զերծ մնալ ՊԵԿ-ի հանդեպ բացասական ընկալումներ ձևավորելու հերթական փորձերից և «մոտավոր բովանդակությամբ» հոդվածների հրապարակումից: ՊԵԿ-ը լրատվամիջոցին խորհուրդ է տվել հրապարակել բացառապես հավաստի տվյալների հիման վրա տեղեկատվություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ