Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Incorporated-ը Model 3 մեքենաների առաջին խմբաքանակն է մատակարարել Եվրոպային, գրում է Electrek հրատարակությունը:
Առաջին խմբաքանակը Կալիֆոռնիայից հասցվել է Բելգիայի Զեբրյուկե նավահանգիստ, հաջորդ խմբաքանակն սպասվում է առաջիկա օրերին:
Tesla Model 3-ը՝ Tesla-ի ամենաբյուջետային մոդելը, ներկայացվել էր 2016 թվականի մարտին, ավտոմոբիլների պատվերների ընդունումը մեկնարկել էր 2016 թվականի ապրիլին: Արտադրությունն սկսվել է 2017 թվականի երրորդ եռամսյակում և ուղեկցվել բազմաթիվ խնդիրներով, բայց աստիճանաբար ավելացել է ու 2018 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել 50 հազար մեքենան:
Model 3-ի զանգվածային արտադրությունը համարվում է ընկերության՝ շահութաբեր մակարդակի հասնելու բանալին: Ընդամենը Եվրոպայի բնակիչները պատվիրել են մոտ 14 հազար Model 3, պատվերների մեծ մասն ստացվել է Գերմանիայից և Նորվեգիայից: Եվրոպացի բազմաթիվ հաճախորդներ իրենց ավտոմեքենաներին սպասել են երեք տարի: Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսվա ընթացքում էժանացել են 10 տոկոսով, ընկերության կապիտալացումը կազմում է 55,5 մլրդ դոլար: