fbpx
Առողջապահություն

Տեղեկությունները և հիշողությունները հիշելու ուղեղային նոր շղթա է հայտնաբերվել

Ամեն օր մենք հանդիպում ենք նոր մարդկանց և իրավիճակների, որոնք պահանջում են մեր ուշադրությունը:

Բարեբախտաբար, ուղեղում մի հատված կա, որը պատասխանատու է գիտակցության և իրազեկության համար: Այս տարածքը կոչվում է «կլաուստրումի համալիր» և գտնվում է ուղեղի խորքում՝ յուրաքանչյուր կիսագնդում:

Այսօր մենք գիտենք, որ շատ հիվանդություններ, որոնք կապված են ավելի բարձր ճանաչողական գործառույթների հետ, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, շիզոֆրենիան և ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվությանհամախտանիշը (ADHD), սերտորեն կապված են ուղեղի այս որոշակի հատվածի գործառույթի խանգարման հետ: Սակայն մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչպես են աշխատում կլաուստրումի համալիրի տարբեր մասերը կամ ինչպես են կազմակերպված դրա սխեմաները և կապի համակարգը:

Օրհուսի համալսարանի հետազոտողները հիմա պարզել են դա, և նրանց արդյունքները թույլ են տալիս ընդհուպ բջջային մակարդակով որոշել, թե կլաուստրումի համալիրի որ մասն է վերահսկում ծանոթ իրերը նորից տարբերելու մեր կարողությունը:

«Մեր հետազոտությունը կենտրոնանում է կլաուստրումի մի շրջանի վրա, որը կոչվում է «էնդոպիրիֆորմ», որը համեմատաբար ուղեղի անհայտ կառուցվածք է, չնայած իր յուրահատուկ ուղեղային ցանցին և բջջային հատկություններին,- պարզաբանել է առաջատար հետազոտող, դոցենտ Ասամի Տանիմուրան:- Առաջին անգամ մենք վերլուծեցինք էնդոպիրիֆորմի շղթան, որը կապում է հիպոկամպը և ցույց տվեցինք, թե այս ուղին ինչ կարևոր նշանակություն ունի հիշողության ճանաչման համար»:

Օգտագործելով մկների վրա կատարվող փորձերը՝ գիտնականները կարողացել են դիտարկել, թե ինչպես է մկների վարքագիծը փոխվել, երբ նրանք «միացրել» և «անջատել են» բջիջների այս խմբի ակտիվությունը:

«Մենք նկատեցինք, որ մկների էնդոպիրիֆորմ բջիջները ակտիվ էին, երբ մկները շփվում էին նոր ցեղակիցների կամ առարկաների հետ, և երբ մենք ճնշեցինք բջիջների այս խումբը, դա նվազեցրեց նոր մկներին կամ առարկաները ծանոթներից տարբերելու մկների կարողությունը»,- ասել է գիտնականը:

Այս դիտարկման հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ կլաուստրումի բջիջների այս հատուկ խումբը, ըստ երևույթին, առանցքային դեր է խաղում հիշողության վրա հիմնված ուշադրության ազդանշանները հիպոկամպին փոխանցելու գործում:

«Սա բոլորովին նոր գիտելիք է ուղեղի այս փոքր, բայց կարևոր մասի մասին, և այն մեզ հազվագյուտ պատկերացում է տալիս հիշողության ճանաչմանը մասնակցող հատուկ շղթայի մասին»,- պարզաբանել է Ասամին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ