fbpx
Զինված Ուժեր

Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն։

«KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան):

Միջոցառմանը մասնակցել են KFOR հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը, KFOR գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Մեյերը, ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Մարկ Ստոունտոնը, շուրջ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Հայկական զորահանդեսը ղեկավարել է 33-րդ զորախմբի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Եղիազարյանը:

Բրիգադի գեներալ Գ. Շոպֆը բարձր է գնահատել հայկական 33-րդ զորախմբի ծառայությունը` որակելով այն որպես արհեստավարժ, պատասխանատու և պարտաճանաչ: Նա նաև շեշտել է, որ 33-րդ զորախումբը Կոսովո է ժամանել Հայաստանի համար բավական ծանր ժամանակաշրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ԶՈւ արհեստավարժությունն ու բարձր մակարդակը:

Արարողության ավարտին KFOR հրամանատարությունը հայկական 33-րդ զորախմբի զինծառայողներին պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ