Աշխարհի ամենահեռավոր վայրերից մեկում՝ Տիբեթի բարձրավանդակում, շինարարական բում է նախատեսվում: Աշխարհում ամենաբարձր լեռնաշղթաներով շրջապատված տարածաշրջանը, որը հայտնի է որպես «աշխարհի տանիք», ներկայումս Չինաստանի արդիականացման ծրագրի մեջ է, ըստ որի՝ նախատեսվում է մեծացնել երկնաքերների թիվը և ընդլայնել արագընթաց երկաթուղիները:
Չինաստանի կառավարությունը նաև ցանկանում է մշակել Յելլոուսթոունի սեփական տարբերակը Տիբեթի բարձրավանդակում՝ ԱՄՆ ազգային արգելոցների համակարգի նմանությամբ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Չինաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից քաղաքական գործիչներն ու գիտնականները օգոստոսին հավաքվել էին Ցինհայ նահանգի մայրաքաղաք Սինինում՝ քննարկելու Չինաստանի՝ հստակ ստանդարտներով արգելոցների միասնական համակարգի ստեղծման ծրագրերը էկոհամակարգերի պաշտպանության համար:
«Երկրի տնտեսությունը վերջին 40 տարում բուռն աճ է ապրել, բայց այժմ առաջնահերթություններն ընդլայնվում են և ներառում առանցքային բնական պաշարների պահպանումը»,-ասել է Բնության պահպանության միջազգային միությունում Չինաստանի ներկայացուցիչ Չժու Չունցյուանը:
Նրա խոսքով՝ անչափ կարևոր է հնարավորինս արագ որոշել վայրերը, էկոհամակարգերը և բնական այլ օբյեկտները դրանց պաշտպանության համար: