Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է TikTok-ն արգելելու երկկուսակցական օրինագծի մասին, ինչն ուժեղացրել է ճնշումը ByteDance Ltd-ի սեփականատիրոջ վրա՝ ԱՄՆ-ում այն մտավախությունների համատեքստում, որ հավելվածը կարող է օգտագործվել ամերիկացիներին լրտեսելու և կոնտենտը վերահսկելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
Օրինագիծն արգելում է սոցիալական ցանցի ցանկացած տրանզակցիա Չինաստանում և Ռուսաստանում։
«Տագնապալի է, որ TikTok-ի ստուգումն ազգային անվտանգության առումով ավարտելու փոխարեն, Կոնգրեսի որոշ անդամներ որոշել են քաղաքականացված արգելք մտցնել, որը ոչ մի կերպ չի բարելավի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը»,- նշվել է TikTok-ի հաղորդագրությունում։ Ընկերությունում հայտարարել են, որ կշարունակեն տեղեկացնել Կոնգրեսի անդամներին «Միացյալ Նահանգներում մեր պլատֆորմի հետագա պաշտպանության» պլանների մասին։
Օրինագիծը արդյունքն է այն բանի, որ վերջին շաբաթներին Վաշինգտոնում մեծացել է ուշադրությունը TikTok-ի հանդեպ Թրամփի վարչակազմի՝ հավելվածն արգելելու անհաջող փորձից հետո։
Անցած ամսվա լսումների ժամանակ ՀԴԲ տնօրեն Քրիս Ռեյն ասել էր, որ TikTok-ի գործունեությունն ԱՄՆ-ում անհանգստացնում է ազգային անվտանգության առնչությամբ՝ նշելով վտանգի մասին, որ Չինաստանի կառավարությունը կարող է այն օգտագործել օգտատերերի վրա ազդեցության կամ նրանց սարքերը վերահսկելու համար։
Ալաբաման և Յութան երկուշաբթի միացել են ԱՄՆ այն նահանգներին, որոնք արգելում են TikTok-ի օգտագործումը պետական հաստատություններում և նահանգի համակարգչային ցանցերում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
ԱՄՆ կառավարության արտաքին ներդրումների կոմիտեն ազգային անվտանգության ազդեցիկ մարմինը, 2020թ. հրամայել էր ByteDance-ին վաճառել TikTok-ը, քանի որ ԱՄՆ օգտատերերի տվյալները կարող էին փոխանցվել Չինաստանի կառավարությանը։
CFIUS-ը և TikTok-ը արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում՝ ազգային անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու համար՝ TikTok –ի ավելի քան 100 մլն օգտատերերի տվյալների պաշտպանության նպատակով։